Վրաստանի հայերի մի մասը երկու անգամ է զատիկ նշում

Մառնեուլիի շրջանի հայկական գյուղերում բնակչության մի մասը գրեթե ամեն տարի Սուրբ Զատկի տոնը նշում է Վրաց ուղղափառ եկեղեցու օրացույցով: Նրանցից շատերը տոնն ուղղափառ եկեղեցու հետ նշելը մեկնաբանում են, որ այդ օրերը, սովորաբար, ոչ աշխատանքային են լինում, ուստի կարողանում են պատրաստվել տոնին, իսկ հաջորդ օրը` մեռելոցին, այցելել հանգուցյալների շիրիմներին:

Վիրահայոց թեմի Մառնեուլիի շրջանի հոգևոր հովիվ Տ․ Զավեն վարդապետ Յազիչյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ սա, միանշանակ, շատ մեծ խնդիր է, և, ցավոք, միայն Մառնեուլիի շրջանի հայկական գյուղերում չէ, որ այսպես է։

«Ցավոք, ամբողջ Վրաստանում բնակվող հայերի մոտ կա այս խնդիրը՝ Սադախլոյից Բաթումի, անխտիր բոլորի մոտ», — ասում է Զավեն վարդապետը։

Մառնեուլիի շրջանի Աղքյորփի գյուղի բնակիչ Վանիկ Հովհաննիսյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է.

«Քանի որ մենք Վրաստանում ենք, այդ իսկ պատճառով Զատիկը նշում ենք վրացական եկեղեցու հետ»։

Խոժոռնի գյուղի բնակչուհիներից Վ.Ա-ն էլ «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ թե՛ իրենց ընտանիքը, և թե՛ գյուղի բնակիչներից շատերը Զատկի տոնը նշել են և՛ վրացական եկեղեցու, և՛ հայկական եկեղեցու հետ։

Իհարկե, կան նաև քաղաքացիներ, ովքեր Սուրբ Զատիկը նշում են միայն Հայ առաքելական եկեղեցու հետ։

«Մենք, միանշանակ, Զատիկը նշել ենք հայկական եկեղեցու հետ», — «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Աղքյորփի գյուղի տարեց բնակչուհիներից մեկն ու հավելում, որ ամեն տարի էլ հայկական եկեղեցու հետ են նշում։

Թբիլիսիի հայկական Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ չնայած Վրաստանում ենք ապրում, միևնույնն է, կտրականապես անընդունելի է, որ Զատիկի տոնը փոխեն և նշեն վրաց ուղղափառ եկեղեցու հետ.

«Մենք հայ ենք և մեր եկեղեցին ունի իր կարգ ու կանոնը։ Եվ յուրաքանչյուր մարդ էլ, ցանկության դեպքում, կարող է մեր հայկական ծեսով ամեն ինչ անել»։

Աղքյորփի գյուղի բնակչուհի, դպրոցի պատմություն առարկայի նախկին ուսուցչուհի Անուշ Կարապետյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ թե՛ դպրոցում աշխատելու տարիներին, թե՛ հիմա ամեն ինչ անում է, որ գյուղում պահպանվի հայկականը, և, բնականաբար, միշտ էլ հորդորել է, որ Զատիկը նշեն Հայ առաքելական եկեղեցու հետ։

«Ցավոք, այսօր էլ գյուղի մեծ մասը, գրեթե 90 տոկոսը տոնը նշում է Վրաց ուղղափառ եկեղեցու հետ»։

Կարապետյանը նաև ընդգծում է՝ նախկինում գյուղում հոգևոր կյանքն առավել ակտիվ էր, անգամ հիշում է, որ գյուղում մինչև 70 մկրտություն է իրականացվել, մինչդեռ վերջերս վրաց հոգևորականներն են ակտիվացել այս շրջանում․

«Գյուղի ծայրին վրաց հոգևորականներն իրենց տունն ունեն, փարաջաներով գյուղի մեջ են դուրս գալիս, շրջում են»։

Տ․ Զավեն վարդապետ Յազիչյանն ասում է, որ իր՝ Մառնեուլիի շրջանում նշանակումից հետո շրջել է հայկական բոլոր գյուղերով, և համապատասխան աշխատանքներ, զրույցներ են տարվել.

«Ցավոք, կարող եմ փաստել, որ այս շրջանի հայկական գյուղերի հետ համեմատած՝ մեկ հոգևոր հովվի ներկայություն բավականին քիչ է։ Կան գյուղեր, որտեղ պետք է մշտական ներկայացուցիչ լինի: Գյուղերից հոգևոր կյանքին մասնակությունը ևս քիչ է։ Իհարկե, սրա պատճառը նաև գյուղերի հետ կապի ժամանակ առ ժամանակ անհասանելիությունն է»։

Հարցին, թե արդյոք Վիրահայոց թեմը տեղյակ է, որ Աղքյորփի գյուղում որոշ ժամանակ առաջ Վրաց Ուղղափառ եկեղեցու կողմից հայկական ընտանիքների վերամկրտում է իրականացվել, Յազիչյանը պատասխանում է.

«Նմանատիպ մի դեպք տեղի էր ունեցել 2019 թվականին, բնականաբար, մենք տեղեկացանք, արձանագրություն կազմեցինք և, ցավոք, ավելին ասել չեմ կարող»։