Սահմանադրական փոփոխությունների քննարկմանը զուգահեռ ակցիա կանցկացվի

Վրաստանի խորհրդարանը այսօր կշարունակի համամասնական համակարգին անցնելու սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իշխող «Վրացական երազանքի» առաջ քաշած նախագծի շուրջ քննարկումները։

Ժամը 12:00-ին նախատեսված է խորհրդարանի լիագումար նիստը։ Մինչ այդ, ժամը 10:00-ին, «Վրացական երազանքի» գլխավոր գրասենյակում կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ կայացել է կուսակցության նիստը:

«Ամոթ է» շարժումը ուղիղ ժամը 12:00-ին որոշել է վերսկսվել հանրահավաքը: Շարժման ակտիվիստներն ասում են, որ թույլ չեն տա «Վրացական երազանք»-ին դրժել համամասնական համակարգին անցնելու մասին տված խոստումը: Նրանք նոյեմբերի 12-ի երեկոյան ևս հավաքվել էին խորհրդարանի մոտ, այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ մեծամասնական որոշ պատգամավորներ դեմ են արտահայտվում համամասնական համակարգի անցմանը:

Հիշեցնենք՝ ըստ «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնության, որը դեռ պետք է հաստատի խորհրդարանը, 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրական կարգով:

Ըստ սահմանադրական օրինագծի, մեծամասնական կարգը պետք է վերացվի, 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն համամասնական համակարգով: Ներկայիս օրենքի համաձայն Վրաստանի ընտրական համակարգը համամասնականի է անցնելու 2024 թվականի ընտրությունների ժամանակ:

Իշխող կուսակցության ներկայացրած օրինագծի համաձայն, որոշելու համար, թե քանի մանդատ է ձեռք բերել կուսակցությունը, անհրաժեշտ կլինի քաղաքական ուժի ստացած ձայները բազմապատկել 150-ով և բաժանել ընտրություններին մասնակցած բոլոր կուսակցությունների ստացած ընդհանուր ձայներին: Փոփոխությունների համաձայն՝ ընտրությունները կանցկացվեն 0 տոկոսանոց՝ բնական շեմով:

Այս նախաձեռնությունը «Վրացական երազանք»-ը ներկայացրեց այն բանից հետո, երբ ս.թ. հունիսի 20-21-ի ցույցերից հետո ցուցարարները պահանջեցին փոխել ընտրակարգը:

Թեմային ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ  Համամասնական ընտրություններ 2020-ից. ի՞նչ ռիսկեր է ենթադրում 0 տոկոսանոց շեմը և Ինչ է ենթադրում «Վրացական երազանքի» առաջարկը, ինչպես կբաժանվեն մանդատները 2020-ին հոդվածներում: