Մեդիադաշտը Վրաստանում «տոքսիկ» է. Վարչապետ Գախարիա

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան անդրադարձել է Թբիլիսիի քաղաքապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեի մեկնարկած կեղծ լուրերի դեմ պայքարին: Գախարիան նախընտրական գոծընթացների մեկնարկի շեմին Վրաստանում մեդիադաշտը որակել է որպես «չափազանց տոքսիկ»:

«Ցավոք, մինչև ակտիվ ընտրական շրջանի սկիզբ, մեդիադաշտը չափազանց տոքսիկ է դարձել: Ուզում եմ ձեզ խնդրել դրա մասը չդառնալ: Տոքսիկ մեդիադաշտը գործում է հետևյալ կերպով. կեղծ լուրեր, սուտ, հետագայում՝ այս ստի վրա կառուցված քարոզչություն, քարոզչական գործիքներ, այնուհետև՝ հոգեբանական ազդեցություն հանրության վրա»,- ասել է  Գախարիան:

Վարչապետի խոսքով՝ կեղծ լուրերը շատ կարճ կյանք ունեն, քանի որ հիմնված են ստի վրա: Գախարիան լրագրողներին կոչ է արել պայմանավորվել որոշակի վարքի ու պահելաձևի շուրջ:

Հիշեցնենք՝ օրեր առաջ Թբիլիսիի քաղաքապետ Կախա  Կալաձեն հատուկ մամլո ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ պայքար է նախաձեռնում կեղծ նորությունների դեմ: Կալաձեն խոստացել է ամեն օր ֆեյսբուքյան իր էջում հերքել կոնկրետ տեսանյութերում ու հոդվածներում տեղ գտած ապատեղեկությունները:

Թբիլիսիի քաղաքապետը «ֆեյքերի» դեմ պայքար է սկսել