Ախալքալաքից ՄԱՇ անդամ Արթուր Մկոյանը ձերբակալվել է

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) տեղեկություն է տարածել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» (ՄԱՇ) անդամ Արթուր Մկոյանի ձերբակալության մասին։

ՆԳՆ-ն սուտ է որակում ՄԱՇ կուսակցության տարածած տեղեկությունն Ախալքալաքում ՄԱՇ անդամ Արթուր Մկոյանի «ապօրինի ձերբակալման և քաղաքական հետապնդման» մասին։

Նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է քաղաքացի Արթուր Մկոյանը կրակում ատրճանակից, ինչի հիման վրա էլ հետաքննություն է սկսվել։

«ՆԳՆ Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության բաժնի ծառայողները Ախալքալաքում քաղաքացիներից մեկի բնակության վայրում քննչական և դատավարական գործողություններ են կատարել՝ ապօրինի հրազենի ձեռքբերման, պահպանման և կրելու փաստի առթիվ։

Այս տարվա օգոստոսի 23-ին Ախալքալաքի Դավիթ Աղմաշենեբելի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, իբր, ատրճանակից կրակել էր մեքենա վարող ոստիկանների վրա. դեպքից հետո վարորդը մեքենայով դիմել է փախուստի»,- ասված է ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

Քննության շրջանակում շուտով պարզվել է ավտոմեքենայի վարորդի ինքնությունը և պարզվել, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենան վարել է 1985 թվականին ծնված Արթուր Մկոյանը։

Վերոնշյալ փաստի առթիվ ընթացող քննության շրջանակում Արթուր Մկոյանի բնակության վայրում իրավապահների կատարած խուզարկության ընթացքում նշված անձը չի ենթարկվել ոստիկանության ծառայողի օրինական պահանջին, ինչի պատճառով ձերբակալվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 173 հոդվածով:

Ախալքալաքի շրջանային դատարանը օգոստոսի 24-ին Արթուր Մկոյանին ճանաչել է օրինախախտ և դատապարտել 11–օրյա ազատազրկման։

Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության բաժանմունքում հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, որը վերաբերում է հրազենի ապօրինի ձեռքբերմանը, պահպանմանն ու կրելուն։