Ախալքալաքիի միջադեպի մասնակիցներն ազատ են արձակվել գրավի դիմաց

Ախալքալաքիում միավորված ընդդիմության շտաբի վրա տեղի ունեցած հարձակման մեջ մեղադրվող 5 անձանց 3 հազար լարի գրավի դիմաց ազատ են արձակել:

«Ուժը միասնության մեջ է» քաղաքական միավորումը հոկտեմբերի 30-ին ահազանգել էր Ախալքալաքիում իրենց ակտիվիստներին ծեծի ենթարկելու մասին: Ընդդիմության պնդմամբ, ընտրական շտաբի վրա հարձակվել է Ախալքալաքիից և Նինոծմինդայից մեծամասնական կարգով ընտրված պատգամավոր Հենզել Մկոյանի և նրա եղբոր գլխավորած հանցավոր խումբը:

Դատախազության հաղորդագրության համաձայն, Ախալքալաքիում տեղի ունեցած հարձակման փաստով 5 հոգու նկատմամբ գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի հատկանիշներով: