Բուրջանաձեն պատրաստվում է 3-րդ ուժ դառնալ

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն հայտարարություն է արել ներքաղաքական իրավիճակի մասին:

«Բիձինա Իվանիշվիլին այս վիճակում չէր հայտնվի, եթե հետևեր իմ խորհուրդներին։ Հենց այդ պատճառով նույնը պատահեց նաև Սաակաշվիլի հետ իշխանության վերջին տարիներին»,-հայտարարել է Բուրջանաձեն՝ անդրադառնալով նախագահական ընտրությունների առաջին փուլին, երբ իշխող «Վրացական երազանք»-ի աջակցությունը վայելող թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին չկարողացավ հաղթահարել 50 տոկոսի շեմը։

Բուրջանաձեն Իվանիշվիլիի նախօրեին տարածած տեսաուղերձը համարել է հուսահատ առաջնորդի ելույթ՝ ավելացնելով, որ նրա 6-ամյա իշխանության արդյունքում, սակայն, առավել հուսահատ վիճակում է հայտնվել հենց ժողովուրդը:

Բուրջանաձեն նշել է, որ համախոհների հետ պատրաստվում է 3-րդ ուժ ստեղծել, որի շուրջ կմիավորվեն բոլոր նրանք, ովքեր դեմ են «և Միշային, և Բիձինային»: