Ախալքալաքում վերանորոգվում է Վարձիայի կիրճ տանող ճանապարհը

Ախալքալաքի շրջանի Քարցեփ գյուղից Ափնիա տանող ավտոճանապարհը վերանորոգման ընթացքի մեջ է։ Ախալքալաքի քաղաքապետարանի փոխանցմամբ՝ քաղաքապետ Մելքոն Մակարյանն իր տեղակալ Թեմուր Մճեդլիձեի հետ այցելել է այս պահին նախագծով վերականգնվող Քարցեփ գյուղից Ափնիա գյուղ տանող ճանապարհահատված եւ տեղում ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, ինչպես նաև հանդիպել է բնակչության հետ։

«Ճանապարհի նշված հատվածը բնակչության համար առաջնային խնդիրներից էր, ճանապարհի վերականգնումը սկսվել է 2019 թվականին և դեռ շարունակվում է, 2009-2022 թվականներին վերանորոգվել է 12,2 կմ հատված։ 2022 թվականին նախատեսվում է վերականգնել եւս 1,2 կմ-ը, որը կհասնի Քարցեփ գյուղ» — նշված է քաղաքապետարանի հրապարակած հաղորդագրության մեջ։

Ըստ տեղեկության Քարցեփից մինչև Ափնիա (Վարձիայի կիրճ) վերականգնման համար մնացել է 4457 կմ հատված, որի նախագծային փաստաթղթերը պատրաստ են։ Ճանապարհը տարիներ շարունակ չի վերանորոգվել, բնակչությունը դժվարությամբ է տեղաշարժվում։