Այսօր Պրահայում տեղի կունենա Աբաշիձե-Կարասին հերթական հանդիպումը

Այսօր Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի կունենա Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի հանդիպումը:

Զուրաբ Աբաշիձեի տեղեկատվությամբ, կքննարկվեն առևտրատնտեսական, տրանսպորտային և հումանիտար ոլորտին վերաբերող հարցեր: Կխոսվի մաքսային մոնիթորինգի մասին Վրաստանի և Ռուսաստանի միջև 2011 թվականին ստորագրված համաձայնագրից, որի իրականացումը շվեյցարական կողմի միջնորդությամբ է տեղի ունենալու:

Աբաշիձեի խոսքով, թեև հանդիպման ձևաչափը չի ենթադրում, այնուամենայնիվ, կխոսեն նաև Վրաստանի կողմից չվերահսկվող շրջաններում և շփման գծում մարդու իրավունքների խախտման, այդ թվում քաղաքացիների տեղաշարժն էլ ավելի սահմանափակելու մասին: