Այսօր Վրաստանում նշվում է ոստիկանության օրը

Այսօր Վրաստանում նշվում է ոստիկանության օրը։ Երկրի նախագահը, վարչապետը, նախարարներ և այլ պաշտոնյաներ մասնակցել են օրվան նվիրված միջոցառմանը։ 

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր խոսքում շնորհակալություն է հայտնել բոլոր իրավապահներին, բարձր է գնահատել նրանց պրոֆեսիոնալիզմը և հավելել, որ նրանց բարձր որակավորումը եվրաինտեգրման պայմաններից մեկն է։ 

Զուրաբիշվիլին օրվան նվիրված միջոցառմանը խոսել է ընտանեկան բռնության խնդրի մասին։

«Ուզում եմ նշել մի հարց, թեև ոմանց դուր չի գալիս ամոթ բառը, բայց ինձ համար և գիտեմ, որ ձեզ համար ամոթալի է, որ այսօր Վրաստանում երեխաների աչքի առաջ կանանց հերթական դաժան սպանությունն է տեղի ունենում։ Ես գիտեմ, որ դուք էլ չեք հանդուրժում սա, դա ձեզ համար նույնպես մեծ մարտահրավեր է, և ես գիտեմ, որ մեծ քայլեր են արվել, կանայք իրենց շատ ավելի պաշտպանված են զգում, երբ գնում են ոստիկանություն և գիտեն, որ մեղավորը կպատժվի», — ընդգծել է նա։

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ևս շնորհակալություն է հայտնել ոստիկանությանը ծառայության համար և ուշադրություն հրավիրել հակառակորդների կողմից հնչեցված քննադատությունների վրա։ Ըստ Ղարիբաշվիլիի՝ անընդունելի են ոստիկանների հասցեին անլուրջ, վիրավորական արտահայտությունները, որոնք, ցավոք, հաճախ են կրկնվում ընդդիմախոսների կողմից։

«Սա, իհարկե, չպետք է հանդուրժել, ոչ մի փոխզիջման չպետք է գնանք, ոչ մի նման փաստ չպետք է անպատասխան մնա։ Ոստիկանը պետք է լինի անձեռնմխելի և, իհարկե,  դատապարտում եմ ձեր գործունեությունը, ձեր մասնագիտությունը վիրավորելու ցանկացած փորձ։ Ուստի, ևս մեկ անգամ ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր նման գործողություն պատժվելու է, և մենք որևէ փոխզիջում թույլ չենք տա»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին իր խոսքում կարևորել է նախարարության կողմից ԵՄ ինտեգրման և առանց վիզայի ճանապարհորդության ուղղությամբ ձեռնարկվող կարևոր քայլերը։

«Կարևոր դեր են խաղացել վրացական ոստիկանությունը և ՆԳՆ-ում ընթացող բարեփոխումները, հաջողված նախագծերը ԵՄ ինտեգրման և առանց վիզայի ճանապարհորդության ոլորտում»,- ասել է ՆԳ նախարարը։