Ռաբաթիի ամրոցում ծրագրված «Ֆորտ Ռաբաթի» խաղերը չեղարկվեցին

Ռաբաթի, Ախալցիխե

«Ֆորտ Բոյարդի» անալոգը Վրաստանում չեղարկվեց: Վրաստանում հիմնադրված ռուսական Kvevri-Event ընկերությունը հայրարարել էր Ախալցիխեի Ռաբաթիի ամրոցում  «Ֆորտ Ռաբաթի» անվամբ խաղեր կազմակերպելու մասին, որը հանդիսանում է «Ֆորտ Բոյարդի» անալոգը։

Կազմակերպիչների տարածած տեղեկատվության համաձայն՝ միջոցառման անվանումը լինելու է «Ռաբաթիի գանձը», որին կարող են մասնակցել թե՛ Վրաստանի, թե՛ օտար երկրների քաղաքացիները։

Ըստ Kvevri-Event կայքում տեղադրված տեղեկության՝ խաղի ընթացքում Ռաբաթիի ամրոցը փակ է լինելու զբոսաշրջիկների ու այցելուների համար, իսկ տարածքում թույլատրվելու է միայն կազմակերպիչների ու մասնակիցների ներկայությունը։ Խաղը կտևի 3 ժամ։ Մասնակցելու ցանկություն ունեցողները պետք է վճարեն 275 դոլար։ Խաղերի անցկացումը նախատեսվում է մինչև սեպտեմբերի վերջ։

Այս առթիվ քաղաքացիական ակտիվիստները նախաձեռնել են հանրահավաք «Ո՛չ, Ռաբաթիի ամրոցի խաղերին», այս մասին տեղեկություն է տարածված Facebook սոցցանցում․

«Ամրոցը ներսից չի կոտրվի, հավաքվենք օգոստոսի 7-ին Ռաբաթիում և ցույց տանք ինչպիսին են Ռաբաթիի ամրոցի խաղերը», — նշված է միջոցառման նկարագրության մեջ։

Հատկանշական է, որ Վրաստանի բնակիչների վրդովվմունքի արդյունքում տեղեկություն տարածվեց, որ «Ֆորտ Ռաբաթը» չեղարկվել է:

Նշենք, որ Kvevri-Event ընկերությունը ռուսական ընկերություն է, որը հիմնադրվել է Վրաստանում։ Ընկերության կայքում գրված է, որ նրանք տարբեր միջոցառումներ են կազմակերպում ողջ Վրաստանում և աչքի են ընկնում ռուս-վրացական բարեկամության հռետորաբանությամբ։