Մոպեդների և կվադրացիկլների գրանցումը դարձավ պարտադիր

Վրաստանի ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալության տվյալներով՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրով ստանձնած պարտավորությունների շրջանակում Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի փոփոխությունների համաձայն մոպեդները և թեթև կվադրացիկլները օրենքով սահմանված կարգով այսօրվանից՝ մարտի 28-ից, ենթակա են գրանցման։

Հետևաբար, այսօրվանից հատուկ կատեգորիայի վարորդական իրավունք է պահանջվում մոպեդներ և թեթև կվադրացիկլներ վարելու համար։

«AM կարգի վարորդական իրավունք ստանալու տարիքային շեմ է սահմանվել 16 տարին։ Մոպեդներ և թեթև կվադրացիկլներ վարելու իրավունք ստանալու համար անհրաժեշտ է անցնել միայն տեսական թեստ։ Տեսական քննությանն առաջին անգամ մասնակցող քաղաքացիները լիովին ազատվում են քննության վճարից։ AM վարորդական իրավունքի քննությունը հնարավոր է հանձնել առանց հերթում տեղ ամրագրելու», — ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Հատկանշական է, որ, եթե քաղաքացին ունի վարորդական իրավունքի որևէ ենթակարգ, ապա իրավունք ունի վարել նաև AM տրանսպորտային միջոցներ:

Նշենք, որ այսօրվանից Սպասարկման գործակալության կառուցվածքային ստորաբաժանումներում կարող են հաշվառվել AM կատեգորիայի ավտոմեքենաները՝ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթի ներկայացմամբ։

«Առանց վարորդական իրավունքի մոպեդ և թեթև կվադրացիկլներ վարող քաղաքացին կենթարկվի տուգանման»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։