Այսօրվանից սննդի համար նախատեսված պլաստիկե որոշակի իրերի իրացումն արգելվում է։
Ավելի մանրամասն՝ կառավարության որոշմամբ, 2026 թվականի ապրիլի 1-ից արգելվում է պլաստիկից պատրաստված պատառաքաղների, դանակների, գդալների, ձողիկների, ափսեների, ըմպելու ձողիկների, ըմպելիքների խառնիչների, նաև փրփրապլաստից պատրաստված սննդի տարաների և դրանց կափարիչների, բաժակների և դրանց կափարիչների իրացումը։
Այսօրվանից ուժի մեջ է մտնում նաև պլաստիկի սպառման սահմանափակման հետ կապված ևս մեկ կանոնակարգ։ Մասնավորապես, պետական գնումներին ենթակա գերատեսչություններին արգելվում է պլաստիկե բաժակների, տարաների և մինչև 3 լիտր ծավալով պլաստիկե շշերով լցված ըմպելիքների պետական գնումը։
Սահմանափակումը չի տարածվում պլաստիկե մինչև 3 լիտրանոց շշերով այն պետական գնումների վրա, որոնք իրականացվում են պաշտպանության ուժերի և զինծառայողների կարիքների համար։
Այս կանոնակարգերի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրենց իրավասությունների շրջանակում կիրականացնեն Սննդի ազգային գործակալությունը, Բնապահպանական վերահսկողության դեպարտամենտը և Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։
Վրաստանի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն՝ որոշմամբ նախատեսված պահանջների խախտումը կառաջացնի տուգանք 1000 լարիի չափով և համապատասխան արտադրանքի բռնագրավում, իսկ կրկնակի խախտումը՝ 2000 լարիի չափով տուգանք և արտադրանքի բռնագրավում։
Կանոնակարգը չի տարածվում պլաստիկե արտադրանքի արտահանման վրա։ Արտադրողները, ովքեր արտադրանքը պատրաստում են արտահանման նպատակով, պարտավոր են արտադրությունը սկսելուց առնվազն մեկ ամիս առաջ գրավոր տեղեկացնել Բնապահպանական վերահսկողության դեպարտամենտին արտադրության սկզբի և ավարտի ժամկետների, պատրաստվող արտադրանքի քանակի, արտահանման երկրների և արտահանման իրականացման գրաֆիկի մասին։
Հիշեցնենք. կանոնակարգեր են նախատեսվում նաև պլաստիկե շշերի ուղղությամբ։ Կառավարությունը մարտի 12-ի նիստում ընդունել է որոշում «Սննդի հետ շփման համար նախատեսված պլաստիկից պատրաստված որոշակի արտադրանքի արտադրության, ներկրման և շուկայում տեղադրման արգելքի մասին»։
2026 թվականի հուլիսի 1-ից հանրային սննդի օբյեկտներին կարգելվի սպառողին պլաստիկե շշերով ըմպելիքներ մատուցել։ Իսկ 2027 թվականի փետրվարի 1-ից կարգելվի պլաստիկե շշերով ըմպելիքների արտադրությունը (բացի արտահանման նպատակով), ներկրումը և դրանց իրացումը շուկայում։ Որոշմամբ սահմանված են նաև բացառություններ։ Արգելքը չի տարածվի 3 լիտր և ավելի ծավալով խմելու ջրի, նաև 20 լիտր և ավելի ծավալով ըմպելիքների վրա, այդ թվում՝ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչքների։ Բացառությունը կվերաբերի նաև Վրաստանի Ներքին գործերի նախարարության, Վրաստանի Պաշտպանության ուժերի և զինծառայողների կարիքների համար խմելու ջրի արտադրությանն ու մատակարարմանը։ Մարտի 16-ին «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ պլաստիկե շշերի արգելքի վերաբերյալ վերջնական որոշումը չի ընդունվի առանց բիզնես հատվածի հետ խորհրդակցությունների։ Կոբախիձեի խոսքով՝ կառավարությունը պատրաստ է քննարկել ինչպես կանոնակարգի հետաձգումը, այնպես էլ դրա փոփոխությունը։