«Ազատություն Միշային». ցույց Թբիլիսիում՝ ի պաշտպանություն Սաակաշվիլիի

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակի մոտ դեկտեմբերի 3-ին ցույց է անցկացվել հաջակցություն Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության պայմաններում գտնվող «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության հիմնադիր Միխեիլ Սաակաշվիլիի:

Ցույցի կազմակերպիչները դիմել են հավաքվածներին՝ վստահեցնելով, որ քաղաքական հայտարարություններ չեն լինելու, տվյալ պահին գլխավորը Սաակաշվիլիին փրկելն է։ Նրանք կոչ են արել հանրությանը` նախապատրաստվել Սաակաշվիլիի դատավարությանը, երբ նա կներկայանա քաղաքային դատարան՝ պատժաչափը հետաձգելու կապակցությամբ։

«Ազատություն Միշային» կարգախոսով Օրբելիանիի հրապարակից ցույցի մասնակիցները երթով շարժվել են «Վրացական երազանք»-ի գրասենյակ։ Այնտեղ նրանց սպասում էին մեծաթիվ ոստիկաններ։

Ցույցին մասնակցել են ընդդիմադիր` Սաակաշվիլիի հիմնադրած ՄԱՇ կուսակցության անդամներ, տարբեր քաղաքական գործիչներ ու համակիրներ։

Վրաստանի խորհրդարանական մեծամասնության անդամ Միխեիլ Սարջվելաձեն` արձագանքելով ի պաշտպանություն Սաակաշվիլիի ցույցը, ասել է, թե որոշ ընդդիմադիրներ ուռճացնում են Սաակաշվիլիի առողջական վիճակը և շահարկում ​​քաղաքական խնդիրներ լուծելու նպատակով։

ՄԱՇ անդամ Խատիա Դեկանոիձեն ասել է, որ Սաակաշվիլիի առողջական վիճակը շատ ծանր է, ինչը հաստատում է վերջին զեկույցը, և կառավարությունը պետք է որոշում կայացնի՝ հաշվի առնելով նոր իրողությունը։

Նա ասել է, որ չի ցանկանում որևէ մեկի տեսնել Սաակաշվիլիի վիճակում ո՛չ ներկա կառավարությունից, ոչ էլ որևէ այլ կառավարությունից:

ՄԱՇ կուսակցության նախագահի թեկնածու Լևան Խաբեիշվիլին ցույցն անվանել է  համերաշխության ակցիա: Ըստ նրա՝ ողջ երկիրը և երկրից դուրս պետք է տեսնեն, որ իրենք երկիրը նախագահների կոտորածի վայր չեն դարձնի:

Նրա խոսքով, ակցիան քաղաքական բովանդակություն չունի, բայց ինքը մեկ խնդրանք ունի՝ դատական ​​գործընթացը նույնպես զերծ լինի քաղաքականությունից:

Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին հայտարարել է, որ ԵՄ ներկայացուցիչներն ուշադիր հետևում են Սաակաշվիլիի առողջական վիճակին։

Բրիտանական BBC-ն Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին «Ազատ արձակել կամ հետաձգել. Սաակաշվիլիի փաստաբանները դիմել են դատարան» վերնագրով հոդված է հրապարակել։ Հոդվածում ներկայացվել են Սաակաշվիլի շուրջ վերջին զարգացումները։

Ի դեպ, Սաակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ «Էմպաթիա» կենտրոնը եզրակացություն է ներկայացրել, որտեղ ասվում է, որ երրորդ նախագահն ունի ավելի քան 20 ախտորոշում կամ ախտանիշ, որոնք անհամատեղելի են դարձնում նրա ազատազրկումը։

Ըստ «Էմպաթիա»-ի՝ Սաակաշվիլիի առողջության վերաբերյալ պատրաստված զեկույցը բաղկացած է 194 էջից և 22 հավելվածից։ Փաստաթուղթը պատրաստել է կենտրոնի դատաիրավական փորձագիտական ​​հանձնաժողովը, որում, ըստ «Էմպաթիա»-ի, ընդգրկվել են նաև միջազգային փորձագետներ։

Սաակաշվիլիի առողջական վիճակի ու հետաձգված դատական նիստի արձագանքները