«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ»–ի հանդիպումը վիրահայ համայնքի հետ

Այսօր՝ դեկտմբերի 4-ին, Թբիլիսիի «Հայարտուն» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնության հիմնադիրների հանդիպումը վիրահայ համայնքի հետ։

Թբիլիսի էին ժամանել  նախաձեռնության հիմադիրներ Արտակ Ապիտոնյանը և Արամ Բեկչյանը. նրանք ներկայացրին նախագիծը, իսկ հետո պատասխանեցին հավաքվածների հարցերին։ Հանդիպման համակարգողն էր հասարակական գործիչ, վիրահայ համայնքի ներկայացուցիչ Լևոն Չիդիլյանը։

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնություն է` հայերի և ողջ աշխարհից Հայաստանի բարեկամների մասնակցությամբ, որի նպատակը Հայաստանի և հայ ազգի կայուն զարգացման շուրջ համընդհանուր գիտակցության և փոխըմբռնման ստեղծումն է:

«Յուրաքանչյուր ոք կարող է ներգրավվել՝ դառնալով 15 նպատակների ցանկի համանախաձեռնող, նաև մասնակցել «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության առաջիկա համաժողովներին, ֆորումներին, քննարկումներին և հավաքականորեն ծրագրել հետագա քայլերը», — նշեցին նախագծի հեղինակները։

Նրանք ընդգծեցին, որ առաջիկայում՝ 2023 թվականի մարտի 10-12-ին, կկայանա համազգային համաժողով Երևանում, որի շրջանակներում կքննարկվեն հետևյալ հարցերը՝ տեսլականի սահմանում, երաշխավորված պետականություն, պատմական պատասխանատվություն։

«Աշխարհի բոլոր երկրներում ապրող հայազգի չափահաս ներկայացուցիչները կարող են լրացնել հայտադիմումը և ընտրվելու դեպքում մասնակցել համաժողովին, ոչ երևանաբնակ մասնակիցների ճանապարհածախսը և կեցության ծախսերը կֆինանսավորվեն», — հայտնեց Արտակ Ապիտոնյանը։

Վիրահայ համայնքի ներկայացուցիչները հարց ուղղեցին նախագծի հիմնադիրներին վիրահայ համայնքի կարգավիճակի վերաբերյալ, ինչին ի պատասխան Ապիտոնյանը նշեց․

«Կան երկրներ, որտեղ բնակվող հայերը Սփյուռք չեն համարվում, այդ շարքում է նաև Վրաստանը։ Այստեղ հայ ժողովուրդն ապրել է տարիներ շարունակ։ Այդ իսկ պատճառով, Վիրահայ համայնքն իր առանձնահատուկ կարգավիճակը պետք է ունենա այս համաժողովում և ընդհանրապես՝ հայրենիքի զարգացմանն ուղղված բոլոր ծրագրերում»։