Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածը փակվել է

Այսօրվանից անորոշ ժամանակով փակվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածը, գրում է RadioTavisupleba-ն:։

Հաղորդագրության մեջ «Վրաստանի երկաթուղիներ»-ը նշել է՝ «Բաքու-Թբիլիսի-Կարս» նախագծի «Մարաբդա-Կարծախի» երկաթուղային հատվածում, DSS Azerbaijan Railways Branch in Georgia շինարարական կապալառու ընկերության պաշտոնական գրության համաձայն, մայիսի 15-ի ժամը 00:00-ից երկաթուղային տրանսպորտի երթևեկությունը դադարեցվել է:

«Գնացքների երթևեկության դադարեցման պատճառն այդ հատվածում գլխավոր կապալառուի ձեռնարկած շինարարության տեմպերի արագացումն է և սեղմ ժամկետներում նախագծի ավարտի կազմակերպումը»,- նշել է «Վրացական երկաթուղիները»։

Ի դեպ, անցյալ տարվա դեկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի առաջին եռակողմ գագաթնաժողովում հայտարարեց, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագիծը կֆինանսավորվի հավելյալ 100 մլն դոլարով։

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կառուցվել է Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա միջպետական ​​պայմանագրով։ Նախագիծը ներառում է Կարս-Ախալքալաք 98 կիլոմետրանոց նոր մայրուղին, որից 68 կիլոմետրը՝ Թուրքիայի, 30 կիլոմետրը՝ Վրաստանի տարածքում։ Վերանորոգվել է նաև Ախալքալաք-Թբիլիսի ճանապարհահատվածը։

Երկաթուղին փորձնական ռեժիմով է աշխատում 2017 թվականի հոկտեմբերից։ Վրաստանի կառավարությունը 775 մլն դոլարի վարկ է վերցրել երկրի տարածքում հատվածի կառուցման համար։

2019 թվականին Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի երկաթուղիների ղեկավարները Անկարայում հուշագիր են ստորագրել «Ռուսական երկաթուղիների» Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հնարավոր միացման մասին։ Այն ժամանակ վրացական իշխանություններն ասում էին, որ երկաթուղին Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ռազմավարական նախագիծն է, և ցանկացած այլ մասնակցի ներգրավումը պետք է համաձայնեցվի բոլոր երեք երկրների հետ։