Հունաստանի ու Վրաստանի միջև սպասվում են բարձր մակարդակի այցեր

Հունաստանում Վրաստանի դեսպան Դավիդ Դոնդուան, կարևորելով երկու երկրների միջև բարձր մակարդակով շփումները, նշել է, որ առաջիկայում նախատեսվում են փոխադարձ այցեր՝ ինչպես Վրաստանից Հունաստան, այնպես էլ Աթենքից Թբիլիսի։

«Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուճավան Հունաստան կատարելիք այցի ընթացքում կհանդիպի արտաքին գործերի նախարարի հետ: Մենք կխոսենք երկկողմ հարաբերությունների շատ լայն շրջանակի մասին և երկու հարևան տարածաշրջաններում ընթացող իրադարձությունների մասին: Այս հանդիպումը շատ լավ առիթ կլինի մեր աշխատանքները համակարգելու համար», — ասել է Դավիդ Դոնդուան: 

Դեսպանն ընդգծել է, որ կօգտագործեն խորհրդարանի նախագահի այցը՝ կենտրոնանալու արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթության վրա, որը  եվրոպական և եվրաատլանտյան ուղղություն է։ 

Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալի խոսքերով, Վրաստանի խորհրդարանի պատվիրակության այցը կսկսվի Աթենքից: Ըստ Լևան Կարումիձեի, Վրաստանի խորհրդարանի նախագահն առաջին հանդիպումը կանցկացնի Հունաստանի խորհրդարանի նախագահի հետ, որից հետո հանդես կգան երկկողմ հայտարարություններով: 

«Այցի շրջանակներում մենք կմասնակցենք Եվրոպայի խորհրդի անդամ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովին, որտեղ Կախա Կուճավան ելույթ կունենա։  Այցի շրջանակներում երկկողմ հանդիպումներ կանցկացվեն ավելի քան 10 երկրների խորհրդարանների նախագահների և համապատասխան պատվիրակությունների հետ», — ասել է Լևան Կարումիձեն:

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր