Պատվաստումները խրախուսող միջոցառումներն այդքան էլ արդյունավետ չեն․ Գամկղրելիձե

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն խոստովանել է, որ այս պահին երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստումների տեմպը շարունակում է ընկնել ու անգամ տարատեսակ խրախուսող միջոցառումներն այդքան էլ արդյունավետ չեն։

«Պատվաստումների խրախուսման նպատակով ներդրված վիճակախաղը որոշ ժամանակ աշխատեց, սակայն դրա նկատմամբ էլ հետաքրքրությունը կարծես մարել է։ Ցավով պետք է արձանագրեմ, որ անգամ պատվաստումների խթանման արշավն էլ այնքան արդյունավետ չեղավ։ Մենք մարաթոնը սկսեցինք հոկտեմբերի 18֊ին, 2 օրվա ընթացքում պատվաստվել է մինչև 150 մարդ։ Ակնհայտ է, որ այս պահին պատվաստումների տեմպերը նվազել են։ Այնուամենայնիվ, պետք է 10 օր սպասել այս մարաթոնի արդյունքների համար, իսկ հետո կձեռնարկենք նոր միջոցներ»-ասել է Գամկղրելիձեն։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ի տվյալներով՝ երկրում գրանցվել է վարակման 5219 նոր դեպք, վերջին 24 ժամվա ընթացքում բուժվել է 2348 պացիենտ, մահացել է 42 մարդ։

Երկրում ընդհանուր առմամբ կատարվել է 1 926 893 պատվաստում, վերջին մեկ օրում՝ 5 543։ Հատկանշական է, որ օգոստոսին ու սեպտեմբերի սկզբին օրական կատարվում էր ավելի քան 20,000 պատվաստում։

Տիրուհի Համազարյան,  «Ալիք մեդիայի» ստաժոր