Բախմարոյում ձնահյուսն այս տարի 20 տուն է ավերել

Այս տարի Վրաստանի Գուրիայի մարզի Չոխատարուրիի մունիցիպալիտետի Բախմարո լեռնային գյուղում (հայտնի է որպես առողջարանային բնակավայր) ձնահյուսն ավերել է ավելի քան 20 տուն, գրում է Netgazeti-ին:

Նշվում է, որ ձմռանը ձնահյուսը մի շարք տներ է քանդել Բախմարոյի Պիոների փողոցում, ֆեյսբուքում տարածվել են ձնահյուսի հետևանքները պատկերող լուսանկարներ:

Հատկանշական է, որ Չոխատաուրիի մունիցիպալիտետի տարերային աղետի հետևանքներն ուսումնասիրող հանձնաժողով դեռ չի ստեղծվել։ Տուժածներին փոխհատուցելու հարցը կորոշի ձևավորվելիք հանձնաժողովը։

Մայիսի 3-ի դրությամբ ձնահյուսը մի քանի վայրերում փակել է Բախմարոյի մուտքի ճանապարհը, ինչի պատճառով երթևեկությունը դադարեցվել է։

«Հիմա էլ ճանապարհը մաքրվում է համապատասխան տեխնիկայով։ Ճանապարհը կոնկրետ երբ կբացվի՝ 5, թե՝ 10 օրից, այս պահին դժվար է ասել։ Ինչ վերաբերում է առատ ձյան կամ ձնահոսքի հետևանքով ավերված տներին, այս պահին մենք մանրամասն տեղեկություններ չունենք»,- ասել է Բախմարոյի վարչական շրջանի Չոխատաուրիի քաղաքապետի ներկայացուցիչ Շալվա Ցինցաձեն։