Բազմալեզու կրթություն. նոր ծրագրի՝ նոր դեմքերը

2015 թվականից Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի Հոգեբանության և մանկավարժության ֆակուլտետում գործում է բազմալեզու կրթության մոդուլ, որի շրջանակներում դասավանդվում է տարրական դասարանների հայոց լեզու և գրականություն, վրաց լեզու և գրականություն:

Բազմալեզու կրթության մոդելը ավարտած ուսանողները դպրոցների 1-6-րդ դասարաններում կարող են դասավանդել հայոց լեզու և գրականություն, վրացերեն, մաթեմատիկա և բնագիտություն:

ԹՊՀ-ի դասախոս Զոյա Մխիթարյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշեց, որ այս ծրագիրը լավ կանդրադառնա Վրաստանում գործող հայկական դպրոցների վրա, քանի որ գործող հայոց լեզվի և գրականության ուսուցիչները Վրաստանի կրթական ծրագրով չեն անցնում որևէ վերապատրաստում, իսկ այս մոդուլը ավարտած ուսանողները ավելի լավ են ծանոթ կրթության նոր մեթոդաբանությանը և հեշտությամբ կարող են հանձնել մասնագիտական ունակությունների քննությունները:

«Երկլեզու կրթությունը լավ նախաձեռնություն է կրթական համակարգի նորությունները դպրոցներ հասցնելու և կազմը նոր երիտասարդներով համալրելու համար»,- նշում է Մխիթարյանը:

Բազմալեզու կրթության առաջին տարվա հայ ուսանողների թվաքանակը այնքան էլ մեծ չէր, նրանք ընդամենը հինգն էին՝ Մարինե Մնդլյանը, Կատյա Չախոյանը, Աստղիկ Գալոյանը, Օֆելյա Ջաղացպանյանը և Մարիաննա Հակոբյանը: Նրանք բոլորը այս տարի ավարտել են և վերադարձել իրենց շրջաններ և սկսել մանկավարժական գործունեությունը:

Մարինե Մնդլյանը այժմ աշխատում է Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղի հանրային դպրոցում, դասավանդում է մայրենի լեզու, մաթեմատիկա և բնագիտություն առարկաները: Մարինեի խոսքով մանկավարժությունը իր մանկության երազանքն է եղել և միշտ ցանկացել է նմանվել իր ուսուցչուհուն՝ Էթերա Մկոյանին:

«Ես ջանք չեմ խնայի նպատակասլաց ու պատասխանատու սերունդ դաստիարակելու համար»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Մարինեն:

Կատյա Չախոյանը նույնպես աշխատում է Սաթխայի հանրային դպրոցում, որպես տարրական դասարանների ուսուցչուհի, դասավանդում է՝ մայրենի, մաթեմատիկա և բնություն առարկաները, ինչպես նաև դասվար է:

Կատյայի խոսքերով, նա գոհ է կատարած ընտրությամբ, ընտրելով մանկավարժությունը: Նրա խոսքով տարիների ընթացքում ձեռք բերած կրթությունը բավարար է դասընթացները ճիշտ և հետաքրքիր կազմակերպելու համար:

Աստղիկ Գալոյանը աշխատում է Նինոծմինդայի շրջանի Սաղամո գյուղի հանրային դպրոցում, երկրորդ դասարանում դասավանդում է մայրենի լեզու և մաթեմատիկա։ Նրա խոսքերով մանկավարժությունը կոչում է, որին պետք է արժանանալ:

«Սիրելով եմ ընտրել մասնագիտությունս ՝ գիտակցելով պատասխանատվությունը և պատրաստ եմ ջանք ու եռանդ չխնայել ընտրածս ճանապարհին հաջողության  հասնելու համար», -ասում է Աստղիկը:

Օֆելյա Ջաղացպանյանը աշխատում է Նինոծմինդայի շրջանի Փոքր Արագյալ գյուղի դպրոցում, դասավանդում է մաթեմատիկա: Օֆելյան նույնպես փոքր տարիքից երազել է մանկավարժության մասին և հիմա գոհ է իր ընտրած մասնագիտությամբ և մեծ սիրով է աշխատում երեխաների հետ:

«Իմ ձեռք բերած գիտելիքները ինձ օգնում են, որպեսզի արդիականացված մեթոդներով կարողանամ անցկացնել դասընթացները: Լինել մանկավարժ-հոգեբան ինձ համար մեծ պատիվ է» — նշում է Օֆելյան:

Մարիաննա Հակոբյանն էլ աշխատում է Ախալքալաքի շրջանի Կոչիո գյուղի հանրային դպրոցում, դասավանդում է «վրացերենը որպես երկրորդ լեզու» առարկան:

«Մասնագիտությունս շատ հեշտ եմ ընտրել, քանի որ մանկավարժ դառնալը եղել է իմ մանկության երազանքը և այսօր կածես իրականացել է իմ շատ սիրելի դասախոսների օգնությամբ», -ասում է Մարիաննան:

Հատկանշական է, որ վերջին տարիներին ԹՊՀ-ի բազմալեզու կրթության ուղղության ուսանողների թվաքանակը ավելանում է: Այս տարվա դրությամբ այս ուղղությամբ սովորող հայազգի ուսանողները 30-ն են: