Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար, փոխվարչապետ Մակա Բոճորիշվիլիին։
«Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախարարական նիստի շրջանակներում հիանալի հնարավորություն ունեցա հանդիպելու վրացի գործընկերոջս հետ:
Մեր զրույցը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի միջև Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած վերջին երկխոսության ուղղակի շարունակությունն էր:
Մենք քննարկեցինք երկկողմ օրակարգի լայն շրջանակ, մեր համագործակցությունը միջազգային կազմակերպություններում, մասնավորապես՝ ՎՈՒԱՄ-ում (Ժողովրդավարության և տնտեսական զարգացման կազմակերպություն), և վերջին քաղաքական դինամիկան՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա՝ Եվրոպայից մինչև Հարավային Կովկաս տարածվող տարածքում»,- X-ի իր էջում գրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան:
Նրա խոսքով՝ շարունակում են զարգացնել թափանցիկ, պրագմատիկ և կառուցողական ուկրաինա-վրացական երկխոսությունը։