Ահազանգ Բոլնիսիի ոսկու հանքի շահագործման վնասների մասին

Քվեմո Քարթլիի Բոլնիսիի շրջանի Բոլնիս-Խաչեն, Քվեմո Բոլնիսի և Մուշևան գյուղերի բնակիչներն ահազանգում են հանքաքարերի արդյունաբերություն իրականացնող RMG GOLD ընկերության գործունեության կողմից այս գյուղերի հարակից տարածքում ոսկու հանքի շահագործման հետևանքով առաջացած խնդիրների մասին:

Քվեմո Բոլնիսի գյուղի բնակիչներից մեկը, որ չցանկացավ ներկայանալ, «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասաց, որ շրջանի գյուղերն այնպիսի խնդրի առաջ են կանգնած՝ անգամ չեն էլ ուզում արարել, ստեղծել ոչինչ:

Բոլնիս-Խաչենում ևս անհանգստացած են, նշում են, որ արդեն տևական ժամանակ է իրենց մաշկի վրա են զգում հանքի շահագործման բացասական ազդեցությունը:

«Ծառերը չորանում են, բերքը ծառի վրա որակազրկվում է, իսկ օդի աղտոտվածության մասին խոսելն ուղղակի ավելորդ է. մի կողմից գյուղատնտեսական վնաս ենք կրում, մյուս կողմից՝ առողջական»,- ասում է գյուղի բնակիչներից մեկը:

Տեղացիների պնդմամբ, անսպասելի կերպով չորանում են ծառերը, ջուրը ևս աղտոտված է, հանքից դուրս եկող աղտոտված ջուրն անցնում է գյուղի միջով և խառնվում գետին:

«Անգամ խոսակցություններ էին շրջանառվում, որ հանքի մերձակա տարածքի գյուղացիներին տարհանելու են, սակայն թե որքանով է դա համապատասխանում իրականությանը, չեմ կարող ասել, քանի որ պետական մակարդակով այդ մասին խոսք չի եղել»,- նկատում է Բոլնիս-Խաչեն գյուղի մի բնակիչ:

Բոլնիս-Խաչենի գյուղապետ Արմեն Հարությունյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ հանքի բացասական ազդեցության մասին ոչ մի ուսումնասիրություն չկա. հանքի շահագործմանը զուգընթաց բնապահպաններ են եկել, նմուշներ վերցրել, բայց բացասական ազդեցության մասին արձանագրում չեն արել:

«Նախկինում հանքից դուրս եկող թափոններն անցում էին գյուղի միջով, լցվում էին գետը, այժմ՝ հանքում ֆիլտրներ են տեղադրվել, որոնք վերամշակում են թափոնները, աղտոտված ջուրն այլևս մեր գյուղ չի հասնում»,- ասում է Հարությունյանը:

Անդրադառնալով գյուղացիներին անհանգստացնող այն հարցին, թե իրենց տարհանելու են գյուղից և հանքի տարածքն ընդլայնեն, Հարությունյանը պատասխանում է, որ դրանք ուղղակի հակապետական հայտարարություններ են, որոնք չեն համապատասխանում իրականությանը.

«Եթե գյուղի տարհանման հարց լիներ, գյուղին չէին ապահովի խմելու ջրով, նոր ծրագրեր չէին պլանավորի»:

Հարությունյանի խոսքով, գյուղում շատ վաղուց անգամ չեն լսվել պայթունների ձայներ. այդ ձայները մոտ 10-15 տարի առաջ են եղել: Ըստ նրա, պայթյունի ձայների բացակայությունը, հնարավոր է, կապված է նորագույն տեխնոլոգիաների օգտագործման հետ:

Բնապահպան Մարիամ Արչուաձեն ասում է, որ, իհարկե, հանքի շահագործումը վնասում է շրջակա միջավայրին, ռելիեֆին, ինչպես նաև եզակի բուսականությանը։

«Դրա վառ օրինակները շատ են՝ Ճիաթուրայի, Կազրեթիի հանքերը, հետևաբար դա ազդում է նաև մարդկանց վրա, մթնոլորտի վրա․․․»,-  «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Արչուաձեն։

Բոլնիսիի մունիցիպալիտետի Մուշևան գյուղի բնակիչներեն արդեն տևական ժամանակ է ակցիաներ են իրականացնում, որը լուսաբանվում է տարբեր մեդիաներով, հարցին, սակայն ոչ տեղական, ոչ է կառավարական մասշտաբով արձագանք չի եղել:

Սեպտեմբերի 13-ին Մուշևան գյուղում բնակիչները ստորագրահավաք էին անցկացրել ընդդեմ RMG GOLD-ի գործունեության: Բնակչության մեծ մասը կարծում է, որ հանքի շահագործումը զգալի վնաս կհասցնի շրրջանի էկոլոգիային։

Բացի այդ, գյուղացիները մտահոգված են նաև հանքերում իրականացվող պայթուններով․ դրանք կարող են վնասել իրենց տները:

Բնակչության մի մասն էլ ասում է, որ դեմ չեն RMG ընկերության գործունեությանը, քանի որ խոստացել են գյուղը (Մուշևանը) գազաֆիկացնել, ճանապարհը ասֆալտապատել, ջուր քաշել, վերանորոգել գյուղի դպրոցը։

Գյուղացիների բողոքին ակտիվորեն հետևում է «Սալամ» հասարակական կազմակերպությունը. նրանց օգնությամբ Մուշևանիի բնակիչները հայտարարություն են ստորագրել, որով դիմել են կառավարությանը և խնդրել արձագանքել իրենց խնդրին:

RMG GOLD-ի նախագծի համաձայն՝ այս տարվա ընթացքում հորատման աշխատանքներով պայմանավորված նախատեսված պայթյունների թիվը կհասնի մոտավորապես 55-ի՝ շաբաթը երկու անգամ, իսկ հորատման սարքերը կաշխատեն տարեկան 200 ժամ։

Ավելի ուշ՝ RMG GOLD ընկերությունը հայտարարություն է տարածել Մուշևան գյուղում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ: Ընկերության պարզաբանմամբ՝ Մուշևանի ծրագիրը գտնվում է գյուղից հեռու, ուստի գյուղի վրա շրջակա միջավայրի վրա ցանկացած ազդեցություն բացառվում է։

RMG GOLD-ը Մուշևանի արդեն ընդլայնված հանքը շահագործելու լիցենզիա է փորձում ստանալ 2011 թվականից։ Համապատասխան թույլտվության ընթացակարգերն անցնելուց հետո ընկերությունը պատրաստվում է իրականացնել հանքի լայնածավալ շահագործումը։