Օրինագծի ընդունումը հակասում է Վրաստանի եվրաինտեգրման ձգտումներին. Ֆիշեր

Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը Twitter-յան իր միկրոբլոգում գրել է, որ «Օտարերկրյա գործակալների» օրենսդրական փաթեթի ընդունումը չի համապատասխանում ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումներին, ԵՄ նորմերին և արժեքներին։

«Արտաքին ազդեցության թափանցիկության մասին օրենքի նախագծի վերաբերյալ Եվրամիության դիրքորոշումը նույնն է: Ես սա ասում եմ ձեզ որպես ընկեր»,- գրել է Ֆիշերը։

Նշենք նաև, որ եվրոպացի դիվանագետները դատապարտում են «Օտարերկրյա ազդեցության գործակալների» գրանցման հետ կապված օրինագիծը:

«Օտարերկրյա գործակալների» փաթեթը երկու օրինագիծ է ներառում՝ «Օտարերկրյա ազդեցության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին»: 

Աղմկահարույց այս երկու օրինագծերն էլ խորհրդարան է բերել «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը։

Փաթեթը ենթադրում է «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։ Հեղինակներն այն համարում են «ամերիկյան», ընդդիմախոսները՝ «ռուսական»։

Ընդգծենք՝ օրինագծերը քննադատել են Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը, ԵՄ-ն և ՄԱԿ-ի ներկայացուցչությունները, ՆԱՏՕ-ն, միջազգային այլ կառույցներ և եվրախորհրդարանականներ:

Հավելենք նաև, որ Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների և պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովները հավանություն են տվել օրինագծերին: Նիստն անցել է պատգամավորների միջև ծեծկռտուքի և բողոքի ակցիաների ֆոնին։