«Ռուսական օրենքը» չընդունելու կոչով դասախոսները դիմել են խորհրդարանին

Վրաստանում գործող տարբեր բուհերի 237 դասախոսներ դիմել են խորհրդարան՝ կոչ անելով «չընդունել ռուսական օրենքը»։ Այսօր՝ մարտի 6-ին, դասախոսների կոչն արդեն փոխանցվել է Վրաստանի խորհրդարանի անդամներին։

Նրանք կոչ են անում պաշտպանել Վրաստանի Սահմանադրությունը և Վրաստանի քաղաքացիների անսասան կամքը՝ Վրաստանը դարձնել եվրոպական տարածքի մի մաս:

«Այսօր, երբ Վրաստանը սպասում է Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու պատմական որոշմանը, ռուսական օրենքի ընդունումն արդեն հակասում է երկրի շահերին՝ վտանգելով վրաց ժողովրդի դարավոր ձգտումը՝ դառնալ եվրոպական երկիր:

Մենք՝ պրոֆեսորներս և գիտնականներս, պատասխանատվություն ենք զգում այն ​​սերունդների առաջ, որոնց ապագան կարող է անդառնալիորեն վնասվել այս օրենքի ընդունմամբ: Ուստի հիշեցնում ենք, որ ձեր սխալ ընտրությամբ դուք պատասխանատվություն եք կրելու Վրաստանի եվրատլանտյան ապագայի համար սպառնալիք ստեղծելու համար»,- նշված է դասախոսների հայտարարության մեջ։

«Օտարերկրյա գործակալների» փաթեթը երկու օրինագիծ է ներառում ՝ «Օտարերկրյա ազդեցության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին»: 

Աղմկահարույց այս երկու օրինագծերն էլ խորհրդարան է բերել «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը։

Փաթեթը ենթադրում է «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։ Հեղինակներն այն համարում են «ամերիկյան» է, ընդդիմախոսները՝ «ռուսական»։

Ընդգծենք՝ օրինագծերը քննադատել են Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը, ԵՄ-ն և ՄԱԿ-ի ներկայացուցչությունները, ՆԱՏՕ-ն, միջազգային այլ կառույցներ և եվրախորհրդարանականներ:

Հավելենք նաև, որ Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների և պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովները հավանություն են տվել օրինագծերին: Նիստն անցել է պատգամավորների միջև ծեծկռտուքի և բողոքի ակցիաների ֆոնին։