«Բազմազանությունը մեր հարստությունն է». հանդուրժողականության ամսվան նվիրված միջոցառում ԹՊՀ-ում

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական ​​համալսարանում (ԹՊՀ) «Բազմազանությունը մեր հարստությունն է» խորագրով հանդուրժողականության ամսվան նվիրված միջոցառում անցկացվեց։

Միջոցառման նպատակը վրացի ուսանողներին Վրաստանում ապրող երկու ամենամեծաթիվ էթնիկ խմբերի՝ ադրբեջանցիների և հայերի մշակույթին ու ավանդույթների ծանոթացնելը և դրանք վրացական էթնոծրագրի հետ միասին ներկայացնելն է, նաև տեսնելն ու հասկանալը վրացական, հայկական և ադրբեջանական մշակութային փոխադարձ ազդեցությունը և պահպանված ինքնությունը Վրաստանում միասին ապրելու ընթացքում:

Միջոցառման կազմակերպիչներից «Վիրահայերի միություն» հասարակական կազմակերպության ղեկավար Մարի Առաքելովան «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում խոսեց միջոցառման անցկացման վայրի ընտրության մասին և նշեց. «Քանի որ կրթությունն ու գիտությունը մշտապես խաղաղության, հանդուրժողականության և զարգացման պահապան են, հենց այդ պատճառով ընտրվել է Թբիլիսիի պետական համալսարանը»:

Ըստ Առաքելովայի՝ այսօր ևս մեկ անգամ ևս մեկ միջոցառմամբ նշվեց այն, ինչը վրաստանցիներին բնորոշ է` հարգանք միմյանց մշակույթին ու սովորություններին: Նրա խոսքով, իհարկե, Վրաստանում յուրաքանչյուրն ունի իր ազգային մշակույթը, որը, սակայն, չի խանգարում այլոց հետ հաղորդակցությանն ու լավ հարաբերությունների պահպանմանը: Առաքելովան ասաց՝ շատ կարևոր է նաև, որ խաղաղության համար բոլորն ունենան իրենց ներդրումը. ժողովրդական դիվանագիտության լեզվով հնարավորինս մերձեցնեն ժողովուրդներին և ունենան հստակ ուղերձներ:

«Միջոցառմանը ներկայացված է հայկական, վրացական և ադրբեջանական տաղավարներ: Ներկայացրել ենք հայկական մշակույթին առնչվող իրեր, գրքեր և այլն: Փարաջանովի մասին ֆիլմ ցուցադրվեց, խոսվեց մեր ժողովուրդների ներդրումների մասին»,- ասաց Առաքելովան:

Միջոցառումն անցկացվեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ USAID-ի՝ «Միասնություն բազմազանության մեջ» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Վրաստանի Միավորված ազգերի կազմակերպության ասոցիացիան՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ։ Միջոցառումը հյուրընկալեց Թբիլիսիի պետական ​​համալսարանը՝ «Քաղաքացիական ինտեգրման և ազգամիջյան հարաբերությունների կենտրոնի» (CCIIR), «Վիրահայերի միության» և «Ալիանս» ադրբեջանական երիտասարդական կենտրոնի հետ համատեղ։

«Բազմազանությունը մեր հարստությունն է» միջոցառման խնդիրն էր խրախուսել և խթանել էթնիկ փոքրամասնությունների ինտեգրման վրա աշխատող բարձրագույն ուսումնական հաստատությունների և կազմակերպությունների միջև փոխադարձ համագործակցության պրակտիկան` կիսելով ռեսուրսները, որպեսզի ավելի շատ ուսանողներ կարողանան օգտվել ներգրավված կազմակերպությունների կողմից իրականացվող տարբեր կրթական նախագծերի օգուտներից։

Միջոցառմանը մասնակցեցին ԹՊՀ-ի ղեկավարությունը, Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների խորհրդականները, համալսարանի դասախոսներ, վրացախոս, ադրբեջանախոս և հայալեզու ուսանողներ, որոնք այժմ սովորում են ԹՊՀ-ում, Վրաստանում ադրբեջանական երիտասարդական կազմակերպության համահիմնադիրներ, Վրաստանում բնակվող էթնիկ հայ քաղաքացիներ, մշակույթի և կրթության ոլորտի ներկայացուցիչներ։