Բեռնատար մեքենաների վարորդները հանդիպել են ֆինանսների նախարարին

Բեռնատար մեքենաների վարորդները հանդիպել են ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին: Նախարարությունում անցկացվող հանդիպմանը ներկա է եղել նաև ֆինանսների նախարարի տեղակալը:

Հանդիպումն ավարտվել է առանց որևէ հստակ որոշման: Հանդիպումից հետո էլ վարորդները չեն թաքցնում իրենց դժգոհությունը, սակայն ասում են, որ բողոքի կասեցման վերաբերյալ իրենց վերջնական որոշումը կհայտարարվի մեկ ժամվա ընթացքում:

Իր հերթին, ֆինանսների նախարարը նրանց առաջարկել է եռամսյա վերջնաժամկետ, որպեսզի միասնական ուժերով այս խնդրին լուծում տան, ինչը կխթանի Վրաստանում ցորենի ներկրումը: Փաստորեն, ավտոտրանսպորտային միջոցներով ցորենի և ալյուրի ներմուծում-արտահանում հնարավոր կլինի իրականացնել մինչև այս տարվա վերջ (նախորդ ժամկետը հոկտեմբերի 1-ն էր)։

Եթե բեռնատարների վարորդները համաձայնության գան ֆինանսների նախարարի հետ, ապա կստեղծվի հատուկ աշխատանքային խումբ, որտեղ վարորդները ևս կներգրավվեն: Բացի այդ, ներգրավված կլինի ներքին գործերի նախարարությունը ևս՝ միասին տարբեր հարցերի շուրջ համաձայնության գալու համար: Վերջնական որոշումը կկայացվի արդեն այս աշխատանքից հետո:

Հիշեցնենք, որ Թբիլիսիի Լիլո ավանում գտնվող Վրաստանի եկամուտների ծառայության գրասենյակի հարակից տարածքում բեռնատարների վարորդներն արդեն երրորդ օրն է բողոքի ցույց են անում:

Ակցիայի մասնակիցները պնդում են, որ չեն պատրաստվում լքել տարածքը՝ ֆինանսների նախարարից պահանջելով չեղարկել ավտոճանապարհներով ցորենի տեղափոխման վերաբերյալ արգելքը:

Նրանց խոսքով, սա իրենց եկամտի միակ աղբյուրն է, առանց որի չեն կարող գոյատևել բազմաթիվ ընտանիքներ: Մինչ այդ, վարորդները բողոքի ակցիա են անցկացրել երկրի ֆինանսների նախարարության մոտ:

Եկամուտների ծառայությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ընթացող ակցիայի պատճառով «Գեզի Թբիլիսի» ընկերության գործունեությունը կաթվածահար վիճակում է։