Պետք է մշտապես վառ պահենք մեր սրտի հեքիաթը. Թբիլիսիի հայկական տիկնիկային թատրոնը հյուրախաղերի է պատրաստվում

Տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանի հիմնադրած տիկնիկային թատրոնը պատրաստվում է առաջին մեծ հյուրախաղերին: Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված՝ «Թումանյանական հեքիաթի օրեր տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնին մասնակցելու հրավեր են ստացել: Թբիլիսիի տիկնիկային թատրոնին է տրվել հայկական Դսեղ գյուղում՝ մեծն լոռեցու ծննդավայրում ավանդական Թումանյանական օրերի բացման պատիվը: Սեպտեմբերի 25-ին, փառատոնի մեկնարկը տալու են Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն»:

Ընդամենն ամիսներ առաջ ստեղծված թատրոնն արդեն երրորդ ներկայացմանն է պատրաստվում: Հանդիսատեսի դատին հասցրել են հանձնել  «Շունն ու կատուն» և «Բարեկենդանը»:

Երրորդ ներկայացումը «Չարի վերջն է»․ այս անգամ բեմում նորություն կլինի՝ այն առումով, որ ձեռնոցային տիկնիկների հետ նաև դերասանի խաղն է գումարվելու: Թատրոնի ղեկավարն այս ձևաչափը հետաքրքիր է համարում, ասում է չշեղվելով Թումանյանի բառից ու մտքից, պահպանելով հինը՝ փորձում են նորարարության միջոցով նաև փոքրիկ, խիստ հանդիսատեսին գոհացնել:

Տիկնիկային թատրոնը ստեղծվեց վերջերս, երբ մի քանի նվիրյալներ` Արմեն Հովհաննիսյանը, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական  թատրոնի մի քանի դերասաններ հավատացին գործի հաջողությանն ու Թումանյանի թբիլիսյան տան հարկի տակ առաջին բեմադրությունը ներկայացրին: Արմեն Հովհաննիսյանն ասում է, որ սկիզբը բարդ էր. բացի այն, որ տիկնիկ պատրաստելը ծախսատար ու ժամանակատար գործ է, կար նաև մտավախություն՝ ինչպես կընդունվի նախաձեռնությունը: Հիմա սակայն, տիկնիկային թատրոնը «խլում է» Արմեն Հովհաննիսյան ստեղծագործողի ժամանակի մեծ մասը:

Ստեղծագործական խումբը վստահությամբ առաջ է գնում, նոր գաղափարները քննարկում են միասին ու գործի անցնում: Տիկնիկային թատրոնը նոր ու մեծ ծրագրեր ունի: Երրորդ ներկայացման պրեմիերան խոստանում են մինչև ամանոր: Նոր գործերում թարմ ձայներ կլինեն, նոր դերասաններ կներգրավվեն:

«Պետք է միշտ արթուն պահել հեքիաթը՝ ոչ միայն Թումանյանի տանը, այլ նաև անհեքիաթ մարդկանց հոգիներում: Այդպիսիները խանգարում են թատրոնի գործունեությանը, ես աշխարհի բոլոր անհեքիաթ մարդկանց կոչ եմ անում հեքիաթոտվել, ներկա գտնվել տիկնիկային ներկայացումներին, այդ ժամանակ իրենց ներսում շատ փոփոխություններ կլինեն: Իմ կարգախոսն է՝ միշտ արթուն պահեք ձեր ներսի հեքիաթը», — ասում է Արմեն Հովհաննիսյանը: