Բիձինա Իվանիշվիլին հեռացավ. Ո՞վ կդառնա իշխող կուսակցության նախագահը

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին  հրաժարական տվեց: Ո՞վ կլինի կուսակցության նոր նախագահը: Պատասխանը երկար չի սպասեցնի, արդեն  հունվարի 16-ին տեղի կունենա կուսակցության համագումարը, որին կմասնակցի ողջ երկրի մասշտաբով ավելի քան 400 պատվիրակ: Արդեն դրվել է Իրակլի Կոբախիձեի թեկնածությունը:

Իվանիշվիլիի նամակը

«Որոշում եմ ընդունել վերջնականապես թողնել քաղաքականությունը և հեռանալ կառավարման ղեկից: Ես լքում եմ ինչպես կուսակցության նախագահի պաշտոնը, այնպես էլ կուսակցությունը և վերադառնում եմ իմ՝ մինչև 2011 թվականի ապրելակերպին», ասվում է Իվանիշվիլիի տարածած նամակում:

Իվանիշվիլին խոսում է քաղաքականություն գալու պատճառների ու նպատակների մասին, վերլուծում  կուսակցության պատմությունը, ընտրությունների ընթացքը: Նշում է, որ հիմա կարող է հանգիստ հեռանալ քաղաքականությունից, որովհետև ժողովրդի մոտ որոշակի «իմունիտետ» է ձևավորվել գլխավոր ընդդիմության դեմ: Իվանիշվիլին ընդգծել է նաև իր ողջ գործունեության ընթացքում «մեդիայի աշխատանքի կարգավորումը»:

Նամակից հետո Իվանիշվիլին հայտարարել է նաև, որ տիկնոջ հետ որոշում են կայացրել՝ ունեցվածքի մեծ մասը հանձնել «Քարթու» հիմնադրամին, իրենց պահել միայն  200 մլն ԱՄՆ դոլարը:

Համախոհների արձագանքը

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան անդրադարձել է Իվանիշվիլիի դերին՝ վրաց քաղաքականության մեջ: Ըստ նրա՝ Իվանիշվիլին վրաց քաղաքականության ստեղծող ու սահմանող ուժն էր:

«Սա չափազանց կարևոր օրինակ է, թե ինչպես կարող ես իշխանությունը զիջել այն դեպքում, երբ քո երկրի պատմության մեջ առաջին անգամ քո ղեկավարած ուժը, քաղաքացիներիդ կողմից երրորդ անգամ աջակցություն է ստանում ու երկիրը ղեկավարելու մանդատ է տալիս»,- ասել է վարչապետը:

Կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն ներկայացրել է Իրակլի Կոբախիձեի թեկնածությունն ու հավելել, որ Իվանիշվիլիի գնալը մեծ մարտահրավեր է «Վրացական երազանքի» համար:

Կուսակցության անդամ Դավիթ Սերգեենկոն հայտարարել է, որ իրենց շարքերում դեռ շատ նոր դեմքեր են լինելու:

«Վրացական երազանքի» ներկայացուցիչները լրագրողների հետ զրույցում դրական են գնահատել Իվանիշվիլիի աշխատանքը:

Ընդդիմության կարծիքը

Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակության հիմնադիր Միխեիլ Սաակաշվիլին ևս արձագանքել է Իվանիշվիլիի հայտարարությանը: Նրա խոսքով՝ Իվանիշվիլին ստիպված կլինի գնալ ու ղեկը հանձնել ընդդիմությանը:

Վրաստանյան իրականությունում ընդդիմադիրների կողմից Իվանիշվիլիի հեռանալն այլ կերպ է ընկալվում: Նրանք գտնում են, որ սա հերթական խաբկանքն է ու, որ Իվանիշվիլին այնուամենայնիվ «կուլիսներից» կղեկավարի կուսակցությունը:

«Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիգի Ուգուլավայի կարծիքով՝ միակուսակցական խորհրդարանը մանդատը հաստատելու կարիք ունի, իսկ կուսակցության նախագահի գնալուց հետո լեգիտիմացման հարցը տասնյակ անգամ  սրվում է:

«Ստրատեգիա Աղմաշենեբելի» կուսակցության առաջնորդները գտնում են, որ երկրում տիրող քաղաքական իրավիճակի, պանդեմիայի ֆոնին սա փախուստ է:

Ի դեպ, փորձագետների մի մասը ևս այսպես է մեկնաբանում Իվանիշվիլիի հեռանալը: Կարծիք կա, որ Իվանիշվիլին «ձեռքերը լվանում է» այն դեպքում, երբ կուսակցությունը մանդատի հաստատման խնդրի առաջ է կանգնած: Այսպիսով, ըստ փորձագետների՝ Իվանիշվիլին մաքրում է իր անունը:

Ինչ վերաբերում է «Վրացական երազանքի» նախագահի  թեկնածու Իրակլի Կոբախիձեին, նա հայտարարել է, որ պատրաստ է ստանձնել առաջնորդի պաշտոնը.

Ո՞վ է Կոբախիձեն

Իրակլի Կոբախիձեն 2015 թվականից «Վրացական երազանք» կուսակցության քարտուղարի պաշտոնն է զբաղեցնում: 2016 թ․-ի խորհրդարանական ընտրություններից հետո նշանակվել է կուսակցության ընտրական  շտաբի ղեկավարի տեղակալ, իսկ 2017 թ․-ի տեղական ինքնակառավարման ընտրություններին՝ ընտրական շտաբի ղեկավար:

2016-2020 թթ․ եղել է Վրաստանի 9 -րդ գումարման խորհրդարանի անդամ՝ Վրացական երազանքի համամասնական ցուցակով:

2019 թ․-ի հունիսի 20-ի իրադարձությունների ժամանակ Իրակլի Կոբախիձեն խորհրդարանի ղեկավարի պաշտոնն էր զբաղեցնում: Հենց նրա օրոք, Թբիլիսիում անցկացվող, Ռուսաստանի նախագահությամբ ուղղափառ երկրների խորհրդարանական գագաթաժողովի ընթացքում, ռուսական դումայի կոմունիստ պատգամավոր Սերգեյ Գավրիլովը նստեց խորհրդարանի խոսնակի աթոռին՝ նիստը վարելու նպատակով:

Սա մեծ աղմուկ առաջացրեց, վերածվեց մասշտաբային բողոքի ցույցի: Կոբախիձեն այդ ընթացքում այցով Ադրբեջանում էր: Ցուցարարները  Կոբախիձեի հրաժարական ու Գավրիլովին երկրից վտարում էին պահանջում: Հնչել են նաև կառավարության հրաժարականի կոչեր: Սրան հետևեց «Գավրիլովի գիշերը», իշխանությունը ցրեց ցույցը, կային տասնյակ վիրավորներ, երկու հոգի կորցրեց աչքը ՝ ցուցարարների դեմ արգելված ռետինե փամփուշտներ կիրառելու հետևանքով:

Կոբախիձեն հաջորդ օրը հրաժարական տվեց, սակայն թիմում շարունակեց մնալ որպես ազդեցիկ կերպար: 2020թ․-ի խորհրդարանական ընտրություններին նա եղել է կուսակցական ցուցակի երրորդ տեղում, ընտրական  շտաբի ղեկավար:

Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։