Բիձինա Իվանիշվիլին` «Մամուլի ազատության գիշատիչների» 2025 թվականի ցուցակում

«Վրացական երազանք»-ի հիմնադիր, գործարար Բիձինա Իվանիշվիլին ընդգրկվել է «Մամուլի ազատության գիշատիչների» 34 հոգուց բաղկացած ցուցակում։
Ցուցակը հրապարակել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը՝ Լրագրողների դեմ հանցագործությունների անպատժելիության վերացման միջազգային օրվա կապակցությամբ։

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը միջազգային ոչ կառավարական կազմակերպություն է, որը պաշտպանում է մամուլի ազատությունը և լրագրողների իրավունքներն ամբողջ աշխարհում։

Բիձինա Իվանիշվիլին այս ցուցակում է Վլադիմիր Պուտինի, Ալեքսանդր Լուկաշենկոյի, Իլհամ Ալիևի, Ալի Խամենեի, Նիկոլաս Մադուրոյի, Վիկտոր Օրբանի և տասնյակ այլ ազդեցիկ անունների ու ազգանունների կողքին։

Փաստաթղթում Իվանիշվիլին ներկայացված է միլիարդատեր օլիգարխ, որը, չնայած պաշտոնապես քաղաքականությունից հեռանալուն, շարունակում է մնալ իշխանության առանցքը։

«Նրա բիզնես կայսրությունը վճռորոշ ազդեցություն է տալիս նրան. նրա վերահսկողության տակ գտնվող մի քանի կոմերցիոն հեռուստաընկերություններ, այդ թվում՝ «Իմեդի»-ն և «Ռուսթավի 2»-ը, հեռարձակում են նրա հիմնադրած «Վրացական երազանք» կուսակցությանը սատարող դիրքորոշումներ։ Նրա ազդեցության տակ երկրի լրատվամիջոցների բազմակարծությունն աստիճանաբար նվազում է, իսկ անկախ լրագրողները վարկաբեկվում, բռնի հարձակումների են ենթարկվում կամ կալանավորվում», — ասված է զեկույցում։

Բիձինա Իվանիշվիլիին բնութագրող տեքստին կցված է 2025 թվականի հետևյալ «սև ցուցակը».

  • Լրագրող Մզիա Ամաղլոբելիի բանտարկությունը,
  • Վրաստանի ԵՄ անդամակցության գործընթացին հասցված վնասը,
  • Անկախ լրատվամիջոցների և դրանց աջակցող ՀԿ-ների նկատմամբ ոտնձգությունները Հակակոռուպցիոն բյուրոյի» ձեռնարկած հետաքննությունների միջոցով,
  • Պետության և իշխող «Վրացական երազանք» կուսակցության հետապնդումներն ընդդիմադիր հեռուստաընկերությունների նկատմամբ։

Ըստ հաղորդագրության՝ Իվանիշվիլիի «մահացու զենքն» իր բիզնես կայսրությունն է։