Բիձինայի «նվերը» թբիլիսցիներին. 65 հարկանի բազմաֆունկցիոնալ շենք կկառուցվի

Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիին պատկանող «Քարթու» հիմնադրամը նախատեսում է 65 հարկանի բազմաֆունկցիոնալ շենք կառուցել Թբիլիսիի նախկին մետաքսի գործարանի տեղում՝ «Լագունա Վերե»-ի և «Հերոսների հուշարձան»-ի միջև։

Խոստացված կառույցի մասին տեղեկությունը տարածել է Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Իրակլի Աբեսաձեն` վերնագրելով այսպես. «Բիձինայի «նվերը» թբիլիսցիներին»:

Հարկ է նշել, որ շինարարության նախագիծը վերբեռնվել է «Քաղաքային զարգացման գործակալության» տվյալների բազա, սակայն դեռ որոշում կայացված չէ։

Ըստ հայտի՝ պատվիրատու «Կոստավաս 69» ՍՊԸ-ն քաղաքապետարանից պահանջում է համաձայնություն տալ այդ տարածքի զարգացման կարգավորման ծրագրի պլանավորման հանձնարարականին։ Մի շարք ընթացակարգեր անցնելուց հետո, հավանություն ստանալու դեպքում ընկերությանը հնարավորություն կտրվի քաղաքի կենտրոնում կառուցելու երկու աշտարակ ունեցող բազմաֆունկցիոնալ համալիր։

Նախագծային առաջարկով համալիրի հարկերի նվազագույն թիվը 1 է, իսկ առավելագույնը՝ 65։ Շինարարության մակերեսը՝ 33 հազար 500 քմ։ Նախագիծը ներառում է կոմերցիոն գրասենյակային, բնակելի և օժանդակ տարածքներ։

Նախագծում հիշատակվում է նաև «Լագունա Վերե»-ն: Ըստ այդմ՝  նախագիծն այս փուլում «Լագունա Վերե» շենքի հետ կապված աշխատանքներ չի նախատեսում, սակայն «Լագունա Վերե» նախկին լողավազանի շենքը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ուստի դրա կառուցման, ապամոնտաժման կամ նոր լողավազանի կառուցման կայունության հարցը քննարկման առարկա է։

Ի դեպ, «Կոստավաս 69» ընկերության տնօրենը Կախա Կոբիաշվիլիի ազգական Բիձինա Իվանիշվիլին է, իսկ 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատերը «Քարթու» հիմնադրամն է։