Բողոքի ակցիա՝ ընդդեմ նավթի գների բարձրացման

Թբիլիսիի Հանրապետության հրապարակում կիրակի օրը՝ մարտի 27-ին, նախատեսվում է հանրահավաք՝ ընդդեմ վառելիքի գնի թանկացման։ Այս մասին տեղեկանում ենք ֆեյսբուքում բացված «Մերժում՝ վառելիքի գներին» կոչվող էջից։

Կազմակերպիչներից Ավթանդիլ Լոլաշվիլին ասել է, որ հանրահավաքը երկու հիմնական պահանջ ունի.

  • վերացնել ակցիզային հարկը, որն այս պահին կազմում է 38 թեթրի՝ մեկ լիտրի դիմաց,
  • ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) գործող 18%-ից նվազեցնել 10%-ի։

«Կառավարությունն այս դեպքում միակ կարգավորողն է, հետևաբար նաև մեր պահանջների հասցեատերն է։ Այդ փոփոխությունները կարող են նվազեցնել վառելիքի գները 90 թեթրիով և ավելի»,- ասել է Լոլաշվիլին։

Մարտի 23-ի առավոտվա դրությամբ Վրաստանում լցակայաններում վառելիքի գինը պատմական ամենաբարձր մակարդակի վրա է։

Վրաստանի վառելիքի ոլորտի հինգ խոշորագույն ընկերություններում գները տատանվում են հետևյալ կերպ.

  • սուպեր՝ 3,89 լարիից մինչև 4,12 լարի,
  • պրեմիում՝ 3,85 լարիից մինչև 3,96 լարի,
  • ռեգուլյար՝ 3,73 լարիից մինչև 3,80 լարի,
  • դիզել՝ 3,97 լարիից մինչև 4,13 լարի։

Նշենք, որ նավթի գները կտրուկ բարձրացել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմից հետո։ Մասնավորապես, ուղիղ մեկ ամսում գները բարձրացել են ավելի քան 20 տոկոսով։