Երեկվա օրը համառոտ. մայիսի 17

Անցած շաբաթվա ընթացքում (09-15.05.2022) Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 602 նոր դեպք։ Առողջացել է 697 հիվանդ, իսկ 1 պացիենտ մահացել է։

Վրաստանի իմունականխարգելման տեխնիկական խորհրդի ազգային խմբի ղեկավար Իվանե Չխաիձեի խոսքով, քանի դեռ պատվաստվածների թիվը Վրաստանում քիչ է՝ վաղ է ասել, որ երկիրը կկարողանա հաղթահարել համավարակը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երկօրյա այցով գտնվում է Բելգիայի Թագավորությունում։ 

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի խոսքով՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպման ժամանակ նա ընդգծել է, որ ժողովրդավարացման և օրենքի գերակայության գործընթացում բարեփոխումներն անհրաժեշտ են ինչպես երբեք։ Միշելի խոսքով՝ Ղարիբաշվիլիի հետ քննարկել են նաև Եվրամիության լիակատար աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի խոսքով՝ Վրաստանը պատկանում է եվրոպական ընտանիքին, սակայն տարբեր ուղղություններով բարեփոխումները վճռորոշ կլինեն երկրի եվրոպական ուղու համար։

Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ընդդիմադիր «Մթավարիի արխիի» հիմնադիր Նիկա Գվարամիայի ձերբակալության վերաբերյալ՝ նշելով, որ Լեհաստանը մտահոգված է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մերձավոր գործընկեր Նիկա Գվարամիայի ձերբակալությամբ։ 

Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան պատրաստակամություն է հայտնել հանդիպել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ և իրավական տեսակետներ հայտնել Գվարամիայի գործի վերաբերյալ։

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն ընդդիմադիր «Մթավարիի արխիի» հիմնադիր Նիկա Գվարամիայի ձերբակալությանն ուղղված արձագանքն անվանել է «հիստերիկ քարոզարշավ», որն, ըստ նրա՝ «միանշանակ, արդարադատությունը քաղաքականացնելու փորձ է»։

Վրաստանում մայիսի 17-ին նշվում էր ընտանիքի սրբության օրը, որի կապակցությամբ Վրաստանի պատրիարքարանը երթ էր անցկացրել։ 

Մայիսի 17-ին միջազգային հասարակությունը նշում է Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի օրը: 

Որպեսզի ուսուցիչը և ուսուցչի հավակնորդը հանձնի առարկայական քննությունը, պետք է հավաքի առավելագույն միավորի 60 տոկոսից ավելին (բացառությամբ մենթորի կարգավիճակ ստանալ ցանկացող ուսուցչի քննությունից), ավելին՝ այստեղ:

Վրաստանի ցամաքային տարածքով՝ Լարսով՝ Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ՀՀ և ՌԴ քաղաքացիների համար տեղաշարժի նոր կարգ է գործում: Մանրամասն՝ այստեղ:

Թբիլիսիի Սաբուրթալո թաղամասում՝ Կազբեգի պողոտայում, փլուզվել է 9 հարկանի բնակելի շենքի մուտքի պատշգամբը:

Վրաց-թուրքական սահմանին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները համատեղ բացել են Ռիզե-Արդվին օդանավակայանը:

Ակտիվ ընթացքի մեջ են Բաթումի-Ախալցիխե միջպետական ​​նշանակության ճանապարհի Խուլո-Զարզմա հատվածի հիմնանորոգման աշխատանքները։

Եվ վերջում՝ մայիսի 17-ի առքուվաճառքի արդյունքում վրացական ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ ամրապնդվել է 1,15 թեթրիով, ինչի արդյունքում պաշտոնական արժեքը կազմել է 2,9654 լարի: Եվրոյի նկատմամբ ազգային արժույթն արժեզրկվել է 1,53 թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 3,1181 լարի։