Բողոքի ցույցի ընթացքում ԶԼՄ ներկայացուցիչներ են բերման ենթարկվել

Վրաստանի խորհրդարանի դիմաց տեղի ունեցած ցույցի ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել «Պուբլիկա» լրատվական ընկերության տնօրեն Զուրա Վարդիաշվիլիին։

«Զուրան ուղղակի կանգնած էր՝ երբեմն կողքիս էր, երբեմն մի փոքր առաջ էր շարժվում։ Հենց վերջացրի նկարահանումները և շրջվեցի, տեսա, որ Զուրային ձերբակալում են։ Մեզ ոչ ոք չբացատրեց՝ ինչու։ Մարդն ուղղակի կանգնած էր կողքիս և հետևում էր իրավիճակին», — ասել է նույն լրատվամիջոցի աշխատակից, լրագրող  Նաթիա Ամիրանաշվիլին։

«Պուբլիկա» լրատվամիջոցի համահիմնադիր Լիկա Զակաշվիլին պատմել է. «Դուրս եկանք, խոսքի ազատության շրջանակներում վանկարկեցինք՝ «Ո՛չ ռուսական օրենքին», «Շուլավերի կոմիտե», «դավաճաններ»։ Իսկ ոստիկանին այս կոչը նյարդայնացրել է, դա դուր չի եկել նրան, բռնել ու քարշ տալով տարել են։ Սա խոսքի ազատության սահմանափակում է»։

Նշենք, որ բացի Զուրա Վարդիաշվիլիից, խորհրդարանի մոտ ձերբակալվել է նաև «Տաբուլայի» թղթակից Բեքա Ջիքուրաշվիլին։

Ցույցի մասին մանրամասները կարդացեք ստորև՝

«Ո՛չ պուտինիստներին». խորհրդարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ