Բուրճուլաձեն հյուրընկալել է Վրաստանում ՉԺՀ նոր դեսպանին

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն հյուրընկալել է Վրաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նոր արտակարգ և լիազոր դեսպան Չոու Ցյենին, հայտնում է Վրաստանի ՊՆ-ն:

Նշվում է, որ հանդիպմանը պաշտպանության նախարարության ղեկավարը հաջողություն է մաղթել նորանշանակ դեսպանին և հույս հայտնել, որ Վրաստանի և Չինաստանի միջև արդյունավետ համագործակցությունը կշարունակվի նաև ապագայում։

«Հանդիպմանը քննարկվել են մինչև կորոնավիրուսի համավարակը պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության վերականգնման և զարգացման հարցեր։ Ուշադրություն է դարձվել ռազմական կրթության ոլորտում համագործակցության հեռանկարներին։ Զրույցն անդրադարձել է նաև տարածաշրջանում ընթացող գործընթացներին»,- ասված է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:

Տեղեկության համաձայն՝ Չինաստանի դեսպանը ևս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։

Բուրճուլաձեն շնորհակալություն է հայտնել դիվանագետին՝ Չինաստանից Վրաստանին քաղաքական և գործնական աջակցության համար։