Զուրաբիշվիլիի իմպչմենտի շուրջ միջազգային արձագանքները

Եվրոպացի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը կարծում է, որ «Վրացական երազանքի» կողմից Վրաստանի նախագահի իմպիչմենտի գործընթացի մեկնարկը շեղում է իրական խնդիրներից։

ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին բարձրաստիճան պաշտոնյա, Ջորջ Բուշ կրտսերի ինստիտուտի գլոբալ քաղաքականության տնօրեն Դեյվիդ Կրամերը ևս նույն կարծիքն է հայտնել․ «Սա կառավարության կողմից փորձ է խարխլելու Վրաստանի ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի ստացումը, և դա չի համապատասխանում Վրաստանի արտաքին քաղաքականությանը»։

Նշենք, որ Վրաստանի իշխող կուսակցությունը՝ «Վրացական երազանքը», սկսում է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենտի ընթացակարգը։ Այս մասին սեպտեմբերի 1-ին կուսակցության քաղխորհրդի նիստից հետո հայտարարել է կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն։

Ըստ Կոբախիձեի՝ պատճառը Սալոմե Զուրաբիշվիլիի արտասահմանյան պաշտոնական հանդիպումներն են․ Վրաստանի կառավարությունը նրան դրա իրավունքը չի տվել։ Զուրաբիշվիլիի պարզաբանմամբ, սակայն, ինքը հանդիպումների է գնացել՝ հեշտացնելու Վրաստանի՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու գործընթացը։

Իմպիչմենտն ընթացակարգ է, որով երկրի օրենսդիր մարմինը պաշտոնապես մեղադրանք է առաջադրում կառավարության բարձրագույն պաշտոնյաներին։ Նախագահի իմպիչմենտի համար անհրաժեշտ է խորհրդարանի 100 պատգամավորի աջակցությունը։ Խորհրդարանական մեծամասնությունում, սակայն, 100 պատգամավոր չկա, հետևաբար միայն մեծամասնությունը չի կարողանա նախագահին իմպիչմենտի ենթարկել։