Բժանիան պնդում է՝ Մոսկվայում Աբխազիայի կարգավիճակի հարց չի քննարկվել

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիայի Մոսկվա կատարած այցի նպատակը Աբխազիայի կարգավիճակի քննարկումը չի եղել, փոխանցում է դե ֆակտո նախագահի վարչակազմը։

«Որոշ լրատվամիջոցներ ստահոդ տեղեկություններ են տարածում Աբխազիայի Հանրապետության կարգավիճակի հնարավոր քննարկման վերաբերյալ և փորձում են անհիմն մեղադրել ղեկավարությանը սահմանադրությունը խախտելու մեջ», — ասված է դե ֆակտո նախագահի վարչակազմի տարածած հաղորդագրությունում։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Բժանիան Մոսկվայում հանդիպել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի առաջին տեղակալ Ռաշիդ Նուրգալիևի հետ՝ քննարկելու անվտանգության ոլորտում համագործակցության որոշ հարցեր։

Օրեր առաջ Աբխազիայի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շամբան ի պատասխան շրջանառվող լուրերի, հայտարարել էր․ «Միակը որոշումը, որին չենք գնա, դա ինքնիշխանության, անկախության և պետականության կորուստն է… Աբխազիայի ճանաչումը վերանայման ենթակա չէ»։

Միաժամանակ նա չի բացառել, որ Աբխազիայի մասնակցությամբ նոր Եվրասիական միության հարցերը կարող են քննարկվել փորձագիտական ​​մակարդակով։ Սակայն, ըստ նրա, Ռուսաստանից կոնկրետ պաշտոնական առաջարկ այս հարցով չի եղել։

Այս պահին այլ պաշտոնական տեղեկություն չկա այն մասին, թե արդյոք Մոսկվայում աբխազական, օսական, ռուսական և բելառուսական կողմերի միջև ծրագրված է որևէ հանդիպում։

Հիշեցնենք՝ Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան Մոսկվա էր մեկնել փետրվարի 14-ին։

Աննա թորոսյան, ստաժոր