Չեչնիայի պետական հեռուստաընկերությունը խոսում է Վրաստանը Ռուսաստանին կապող նոր ճանապարհի մասին

«Չեչնիան ու Վրաստանը միմյանց կապող ճանապարհը, փաստացի, պատրաստ է և կօգներ ավելացնել բեռնափոխադրումները ինչպես Ռուսաստանի և Վրաստանի, այնպես էլ Իրանի և Հայաստանի միջև»,- այս մասին հաղորդել է Չեչնիայի պետական «Գռոզնի» հեռուստաընկերությունը:

«Ինչպես և ինչ գումարներով են այս ճանապարհը սկսել կառուցել 1997 թվականին: Ինչ օգուտ կարող է տալ Ռուսաստանին: Ավտոճանապարհային կապ Ռուսաստանի և Վրաստանի միջև. պատմություն, իրականություն և հեռանկարներ: Մասշտաբային ծրագիր, որի գործարկումը մեծ օգուտ կբերի մի քանի երկրներին»,- ասվում է հաղորդման անոնսում:

Հաղորդման հեղինակները նշել են, որ ճանապարհը գրեթե հասցվել է մինչև Վրաստանի սահման, իսկ կառուցման աշխատանքները դադարեցվել են վրացական կողմից՝ պատճառաբանելով, որ «այդ թվականներին Չեչնիայի տարածքում ապաստան գտած բազմաթիվ զինված խմբեր են գտել»:

Վրաստանի իշխանությունները հերքել են ճանապարհի կառուցման մասին տարածված լուրը: Ocmedia լրատվականի տեղեկատվությամբ, Ռուսաստանի գործերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ ոչինչ չի լսել նոր անցակետի մասին:

«Ոչ մի տեղ, որևէ ֆորմատում թեման չի քննարկվել»,- ընդգծել է դիվանագետը:

Թեմայի շուրջ, սակայն, Ռուսաստանում խոսակցություններ կան դեռևս տարվա սկզբից: 2018 թվականի հունվարին Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ աջակցում է նշված նախագծին:

«Համոզված եմ, որ ժամանակ կգա, երբ ճանապարհը կմաքրեն: Այն ճանապարհը, որը Չեչնիային կապում է Վրաստանի հետ: Դա կվերածենք ժամանակակից ճանապարհի, որը բարեկամության խորհրդանիշ կլինի Վրաստանի և Ռուսաստանի միջև: Հետագայում նաև Արգունի կիրճով երկաթուղի կկառուցենք, որը Գռոզնիի միջոցով միմյանց կկապի Մոսկվան, Թբիլիսին և Թուրքիան»,- հայտարարել է Կադիրովը: