Չորս քաղաքում կսկսվի տրանսպորտային միջոցների արտանետումների վերահսկումը

Վրաստանի գյուղատնտեսության նախարարության բնապահպանական վերահսկողության դեպարտամենտի ներկայացուցիչ Տարիել Իրեմաձեի խոսքով, 2023 թվականի հունիսից կսկսվի տրանսպորտային միջոցների տեսանելի արտանետումների կազմի հսկողությունը։

Իրեմաձեն նշել է՝ առաջին փուլում օրենքը կիրականացվի 4 քաղաքում` Թբիլիսիում, Քութաիսիում, Բաթումիում, Ռուսթավիում:

«Շրջակա միջավայրի պահպանության վարչության պարեկային և արագ արձագանքման ծառայության աշխատակիցները ճանապարհներին կկանգնեցնեն ցանկացած տիպի ավտոմեքենա և հատուկ գործիքներով կստուգեն վնասակար նյութերի արտանետումները։

Տուգանքները սահմանվում են հետևյալ կերպ՝ խախտում արած անձն առաջին անգամ կտուգանվի 100 լարի, 30 օրվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում՝ 300 լարի»,- բացատրել է Իրեմաձեն։

Ըստ Իրեմաձեի՝ առաջին փուլում, անշուշտ, ուշադրությունը կկենտրոնացվի տեսանելի արտանետումների վրա: Նրա խոսքով, եթե կոնկրետ տրանսպորտային միջոցում հայտնաբերվի վնասակար նյութերի ավելցուկ, և տրանսպորտային միջոցի սեփականատերը համամիտ չլինի արդյունքներին, նա կարող է պահանջել մեքենան տեղափոխել մոտակա տեխզննման կենտրոն, այստեղ մեքենան նոր տեխզննում կանցնի ոչ միայն արտանետումների համար:

«Եթե մեր ներկայացրած արդյունքները հաստատվեն, կազմված արձանագրությունը կմնա ուժի մեջ, իսկ եթե չհաստատվի, և այլ արդյունք լինի՝ տուգանքը կչեղարկվի, և այս դեպքում տրանսպորտային միջոցի սեփականատերը տեխզննման համար չի վճարի»,- ասել է Իրեմաձեն: