Covid-19․ ապատեղեկատվություն ու դավադրության տեսություններ

Covid-19-ի հետ կապված ապատեղեկատվական արշավի հակաարևմտյան ուղերձներն ու դավադրության տեսությունները

«Ժողովրդավարության հետազոտությունների ինստիտուտը» (DRI) շարունակում է ուսումնասիրել առցանց լրատվամիջոցներում դավադրության տեսություններն ու ապատեղեկատվական ուղերձները, որոնք վերաբերում են Covid-19-ով պայմանավորված համաճարակին: Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին վերլուծվել է 15 կայքէջում և 10 ֆեյսբուքյան էջում տեղադրված 785 հոդված և ուղերձ:

Ապատեղեկատվության և դավադրության տեսություններ են տարածվում ինչպես կորոնավիրուսի բուժման, այնպես էլ վիրուսի ծագման ու տարածման հետ կապված: Covid-19 համաճարակի ֆոնին Վրաստանում հատկապես նկատելի է դարձել պատվաստման դեմ արշավի ակտիվացումը տարբեր առցանց հրապարակումներում և ֆեյսբուքյան էջերում: Լրատվամիջոցների դիտարկումը պարզ է դարձրել, որ թիրախային ապատեղեկատվական արշավը ծառայում է հասարակության կարծիքի վրա ազդելու համար:

Ապատեղեկատվական արշավ հակաարևմտյան ուղերձներով

Ապատեղեկատվական արշավի կարևոր թիրախը մնում են մի կողմից պատվաստանյութի վրա աշխատող արևմտյան ընկերությունները, իսկ մյուս կողմից՝ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը: Նրանց դեմ է ուղղված հակաարևմտյան խոսույթը, որի հիմնական նպատակն է  բնակչության շրջանում տարածել միֆն այն ​​մասին, որ կորոնավիրուսը դեղագործական ընկերությունները հորինել են միլիարդավոր դոլարներով և Բիլ Գեյթսով՝ աշխարհին տիրապետություն հաստատելու համար: Իրական պատկերը, սակայն, այլ է:

 «Հակա-մասոնություն», «Հակա-քրիստոսի նոր աշխարհակարգ», «Հակա-էկումենիզմ», «Ընդհանուր ժողովրդական շարժում հանուն վրաց ազգի փրկության», «Վրաստանն առաջին հերթին, «Կորոնա-մաֆիա» և «Իտալական երկնքի տակ» ֆեյսբուքյան խմբերում տարածված հաղորդագրությունը, իբր Բիլ Գեյթսը ծրագրում է աշխարհի գերակայություն հաստատել հարկադիր, վտանգավոր պատվաստումների միջոցով, ապատեղեկատվություն է, որի առաջին աղբյուրը ռուսական cont.ws. կայքն է: Իրականում, New England Journal of Medicine-ը՝ Responding to Covid-19 — A Once-in-a-Century Pandemic?  վերնագրով նյութ է հրապարակել, որտեղ Microsoft-ի համահիմնադիրը խոսում է Covid-19 վիրուսի համաշխարհային սպառնալիքների և մարտահրավերների մասին: Այն նաև առաջարկում է մարդկությանը համաճարակի դեմ պայքարի միջոցներ: Այդ հոդվածում չի խոսվում հարկադիր պատվաստման մասին:

Հաշվի առնելով, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեռ չի հաստատել Covid-19-ի դեմ որևէ դեղագործական ընկերության պատվաստանյութ, որևէ ընկերության վիթխարի շահույթի մասին խոսելը ապատեղեկատվություն է, որն էլ տարածվել է նշված էջերի կողմից, որի առցանց փոխազդեցությունը կազմել է 854 օգտվող:

Ապատեղեկատվական արշավ և դավադրության տեսություններ

Համաճարակին զուգահեռ առցանց տարածքում տարածվում են դավադրության տարբեր տեսություններ և կեղծ տեղեկություններ Covid 19-ի ծագման և բուժման մեթոդների մասին: Facebook սոցիալական ցանցում տարածվում են դավադրության տեսություններ վիրուսի բուժման մեթոդների վերաբերյալ, ինչպիսիք են՝ լեվոֆլոքսացինի միջոցով և հատուկ բույսի միջոցով բուժումը անհատների կամ տարբեր խմբերի կողմից:

Իրականում, գերմանացի գիտնականների կողմից հայտնաբերված բույսը, որը մի քանի րոպեում սպանում է կորոնավիրուսին, հիմնված է թաիլանդական բժշկության վեբ-պորտալում հրապարակված փաստահավաքի և հետազոտության վրա, որի հուսալիությունն ու վավերականությունը չեն հաստատվել միջազգային գիտական ​​հանրության կողմից: Վրացական առցանց լրատվամիջոցներում ապատեղեկատվության առաջին աղբյուրը Nostal.ge վեբ-պորտալն է:

Ապատեղեկատվություն է տարածվում նաև Լեվոֆլոքսացին դեղամիջոցի ՝ կոռոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետության վերաբերյալ։ Ապատեղեկատվության համաձայն՝ Լեվոֆլոքսացինը կորոնավիրուսի արդյունավետ բուժում է, սակայն Լեվոֆլոքսացին դեղը պատկանում է հակաբակտերիալ միջոցների շարքին, մինչդեռ Covid 19-ը վիրուս է, այլ ոչ թե բակտերիալ հիվանդություն: Լեվոֆլոքսացին դեղամիջոցի վերաբերյալ ապատեղեկատվություն է տարածվել հետևյալ ֆեյսբուքյան էջերում՝ «Ստալին», «Գլխավոր նորություններ», «Վրացիների համաշխարհային կենտրոն» և «Ճանապարհի կեսին»: Որպես տեղեկատվության աղբյուր նշվում է tvm.ge վեբ-պորտալը:

* * * *

Ծրագիրն իրականացնում է Պրոդեմոս հիմնադրամը • Prodemos-ի ֆինանսական աջակցությամբ` «Զգուշացեք, ապատեղեկատվություն է» փոքր դրամաշնորհային մրցույթի շրջանակներում: Ծրագրի շրջանակներում Ժողովրդավարության հետազոտությունների ինստիտուտի կողմից պատրաստված նյութը և դրանում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել դոնոր կազմակերպության տեսակետների հետ: