Այսօր հայտնի կդառնան «Վրացական երազանքի» ցուցակի առաջին քսանյակի, վարչապետի և խորհրդարանի նախագահի թեկնածուների անունները

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն այսօր կանցկացնի 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների համամասնական ընտրացուցակի առաջին քսանյակի շնորհանդեսը: Ինչպես հայտնել են կուսակցության մամուլի ծառայությունից՝ համամասնական ցուցակի քսանյակի հետ միասին, այսօր կհայտարարվեն  նաև «Վրացական երազանքի» վարչապետի թեկնածուի և խորհրդարանի նախագահի թեկնածուի անունները:
Շնորհանդեսը տեղի կունենա Մթածմինդայի այգում, այսօր՝ ժամը 20:00-ին:

Հիշեցնենք՝ «Վրացական երազանք» կուսակցությունը հուլիսի 20-ին ներկայացրեց 30 մեծամասնական պատգամավորների թեկնածուներին: Ախալքալաքի և Նինոծմինդայի մեծամասնական շրջանում որպես մեծամասնական պատգամավորի թեկնածու կուսակցությունն առաջադրեց գործող պատգամավոր, «Վրացական երազանք» կուսակցության ցուցակով ընտրված Սամվել Մանուկյանին:

Վրաստանում 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին: Վերջերս ընդունված սահմանադրական փոփոխությունների արդյունքում Վրաստանի նոր խորհրդարանը կձևավորվի 120 համամասնական, 30 մեծամասնական կարգով ընտրված պատգամավորներից: