Ցխինվալիի արձագանքն ուռճացված է. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովն 2020 թվականի հունվարի 17-ի մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Աբխազիայի և հարավային Օսիայի դե ֆակտո հանրապետությունների շուրջ ստեղծված իրավիճակին:

«Բարդ իրավիճակ էր ստեղծվել վրաց-օսական սահմանագծում նախորդ տարի: Ապակայունացման գործոն էր դարձել Հարավային Օսիայի հարակից տարածքում՝ Ծնելիսի գյուղում վրացական ուժայինների հսկիչ անցակետի կառուցումը: Հատկանշական է նաև Ցխինվալիի ուռճացված արձագանքը: Կոչ ենք անում երկու կողմին էլ զուսպ մնալ և վիճելի հարցերը կառուցողական կերպով քննարկել Ժնևի քննարկումների և միջադեպերի կասեցման ու դրանց արձագանքելու մեխանիզմի ձևաչափերի շրջանակներում»,-ասել է Լավրովը։

Լավրովի խոսքով, Ծնելիսիի ճգնաժամը ևս մեկ անգամ հաստատում է, որ Վրաստանի և Հարավային Օսիայի միջև սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցը երկխոսության մեկնարկի կարիք ունի:

2019թ․ օգոստոսին Ծնելիսի գյուղում վրացական ոստիկանության կողմից հսկիչ կետ ձևավորելուց հետո, դե ֆակտո առաջնորդ Անատոլի Բիբիլովի որոշմամբ Ախալգորիից Թբիլիսիի ուղղությամբ անցակետը փակվեց, ինչը հումանիտար ճգնաժամ ստեղծեց: Բիբիլովը մինչ այսօր Թբիլիսիին սպառնում է՝ անցակետը կբացվի միայն վրացական ոստիկանությունը Ծնելիսիից հանելու դեպքում: