Հարավային Օսիայում բռնկված հրդեհի պատճառով տուժածները տեղափոխվում են Թբիլիսի

Օկուպացված Հարավային Օսիայում գտնվող առանձնատանը բռնկված հրդեհի հետևանքով տուժած երեք անձինք տեղափոխվում են Թբիլիսիի հիվանդանոց, առողջապահության դե ֆակտո նախարարությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ տուժածների վիճակը ծանր է։

«19-ամյա մի աղջիկ և երկու կին՝ 41 և 70 տարեկան, հոսպիտալացվելու են հանրապետությունից դուրս», — հայտնել են նախարարությունից։

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն» հաստատել է, որ տուժածներին կտեղափոխեն Թբիլիսի։ Կազմակերպության մամուլի գրասենյակից հայտնել են, որ կոմիտեի Հարավային Օսիայի գրասենյակի աշխատակիցները կապվել են իրենց հետ և խնդրել տուժածներին տեղափոխել Թբիլիսի։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Թբիլիսիի գրասենյակը` որպես չեզոք միջնորդ կազմակերպություն, այժմ տուժածների ընդունելության կլինիկա է փնտրում Թբիլիսիում։

Երկուշաբթի առավոտյան օկուպացված Հարավային Օսիայի առանձնատներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով վեց մարդ է տուժել։ Նրանցից երկուսը մահացել են։

Տուժած 19-ամյա աղջիկը և 41 ու 70 տարեկան կանայք սկզբում տեղափոխվել են Ցխինվալիի կենտրոնական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։

Այժմ մասնագետներն ուսումնասիրում են հրդեհի պատճառները։ Վարկածներից մեկի համաձայն՝ բնական գազի արտահոսք է եղել, ինչից էլ առաջացել է հրդեհը։

Կարդացեք նաև՝

Հարավային Օսիայում առանձնատուն է այրվել. զոհեր ու վիրավորներ կան