«Ղարաբաղի խանության ժառանգությունը». ցուցահանդես՝ Ալիևի համար

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մցխեթայի մունիցիպալիտետում գտնվող Մուխրանի դղյակում դիտել են «Ղարաբաղի խանության ժառանգությունը» ցուցահանդեսը, «Ալիք Մեդիայի» փոխանցմամբ` հայտնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական էջը:

Նշվում է, որ միջոցառմանը ներկայացվել է «Ղարաբաղի խանությունը. պատմամշակութային ինքնություն» գիրքը։

«Ցուցահանդեսին ներկայացված լուսանկարներն ընտրվել են «Ղարաբաղի խանություն. պատմամշակութային ինքնություն» արտեֆակտների հիման վրա: Դրանց թվում են Ղարաբաղի խանությանը պատկանող դրոշի առաջին հայտնի պատկերը, Ղարաբաղի խանության օրոք պահպանված Շահ Իսմայիլի վահանը, հնագույն գորգերը, Սարդար մզկիթի և նրա ճակատի դեկորատիվ սալիկները, ինչպես նաև 19-րդ դարի Շուշիի պատկերներ, 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի Սարդար Խանի պալատի ինտերիերն ու ճակատը պատկերող լուսանկարներ, 19-րդ դարի ձիու թամբ, երկու թառ և եռալար քամանչա, Հասան Գուլու Խան Քաջարի և Ֆաթալի Շահ Քաջարի դիմանկարները, որոնց հեղինակն է Միրզա Գադիմ Իրավանին»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Տեղեկության համաձայն, «Ղարաբաղի խանություն. պատմամշակութային ինքնություն» գրքում հեղինակային խմբի ղեկավար, պրոֆեսոր Էլդար Նադիրաձեն ներկայացրել է ավելի քան 300 արտեֆակտ, որոնք պատկանում են Ղարաբաղի խանությանը։ Դրանք հավաքվել են 19-րդ դարում ցարական Ռուսաստանի կողմից Ղարաբաղում ռազմական և գիտական ​​արշավների ժամանակ և ներկայումս պահվում են Վրաստանի ազգային թանգարանում։ Թանգարանի արխիվին հանձնվելուց հետո արտեֆակտները ինչ-ինչ պատճառներով այդպես էլ չբացվեցին և ավելի քան 100 տարի մնացին չգրանցված:

«Հրատարակության տեսքով ցուցակագրված և մատուցվող այս հավաքածուն հազվագյուտ մշակութային ժառանգության ցուցիչ է, կնպաստի Ադրբեջանի պատմության անբաժանելի մաս հանդիսացող Ղարաբաղի խանության և նրա հարուստ մշակութային ժառանգության նկատմամբ միջազգային հետաքրքրության աճին:

Գիրքը հրատարակվել է ադրբեջաներեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և արաբերեն»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: