Դանիան սարքավորումներ է նվիրաբերում Վրաստանին՝ հրդեհների դեմ պայքարելու համար

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) փոխանցմամբ՝ Դանիան ՆԱՏՕ-ի ձևաչափով երկկողմ համագործակցության շրջանակներում Վրաստանի հրշեջ-փրկարարական գործողությունների վարչությանն է փոխանցել անտառային հրդեհների մարման հատուկ տեխնիկա։

ՆԳՆ-ի տվյալներով՝ 500 հազար եվրո արժողությամբ բեռը ներառում է մեծ հզորությամբ ջրի պոմպեր, 20 միավոր 10 տոննայանոց բաք, բենզասղոցներ և այլ սարքավորումներ։

Վրաստանի ՆԳՆ-ն նշել է, որ նախագիծը զգալի ներդրում է հրշեջ-փրկարարական ուժերի վերազինման գործընթացում։

Նշենք, որ անտառային հրդեհները Վրաստանում շարունակում են մնալ լուրջ խնդիր: Անցած ամառ Բորջոմիի մունիցիպալիտետում բռնկված հրդեհները մի քանի շաբաթ հնարավոր չէր մարել:

Անցյալ տարեվերջին Վրաստանի ՆԳՆ-ն ֆրանսիական Airbus Helicopters ընկերության հետ երեք բազմաֆունկցիոնալ հրշեջ-փրկարարական ուղղաթիռների մատակարարման պայմանագիր է կնքել, որոնք պետք է մատակարարվեն 20 ամսվա ընթացքում։