Դարչիաշվիլին հանդիպել է Եվրամիության հարցերով պետքարտուղարին

Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Իլիա Դարչիաշվիլին Շվեդիա կատարած այցի շրջանակներում հանդիպել է Եվրամիության հարցերով պետքարտուղար Քրիստիան Դանիելսոնի հետ, փոխանցում է ԱԳՆ-ն:

ԱԳՆ-ի տեղեկության համաձայն, կողմերը մանրամասնորեն քննարկել են Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը, ներառյալ Եվրահանձնաժողովի 12 կետից բաղկացած հանձնարարականի կատարումը։

Ըստ ԱԳՆ-ի՝ պետքարտուղարը ևս մեկ անգամ նշել է, որ Շվեդիան աջակցում է Վրաստանի ձգտումներին և պատրաստ է աշխատել վրացական կողմի հետ՝ այս ճանապարհին հետագա հաջողությունների հասնելու համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացման համար։

«Իլիա Դարչիաշվիլին շնորհակալություն է հայտնել շվեդ դիվանագետին՝ Վրաստանին աջակցության և մեր երկրին ակտիվ աջակցության համար։ Նրա խոսքով, երկիրը ոչ միայն մանրակրկիտ կատարում է Եվրահանձնաժողովի հանձնարարականները, այլև ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը եվրոպական, այդ թվում՝ օրենսդրական չափանիշներին մերձեցման առումով։ Կողմերը ողջունել են Վրաստանի եվրոպական հեռանկարի վերաբերյալ Եվրամիության որոշումը և նշել երկրին թեկնածուի կարգավիճակ շնորհելու կարևորությունը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության համաձայն, հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Եվրամիության հետ գործնական մերձեցման և այդ գործընթացում Շվեդիայի աջակցության առաջնահերթ ուղղություններին, նշվել է Վրաստանի կարևոր դերը Եվրամիության էներգետիկ անվտանգության և տարանցիկ ուղիների դիվերսիֆիկացման գործում։ Կողմերը նաև վերանայել են տարածաշրջանում առկա անվտանգության իրավիճակը և ստեղծված իրավիճակից բխող մարտահրավերները:

Ի դեպ, մինչ նշված պաշտոնում նշանակվելը՝ Քրիստիան Դանիելսոնը երկու անգամ այցելել է Վրաստան՝ որպես Եվրոպական խորհրդի նախագահի անձնական ներկայացուցիչ։ Դանիելսոնը ղեկավարել է իշխանության և ընդդիմության միջև միջնորդական գործընթացը 2019 թվականի հունիսի 20-ի իրադարձություններից հետո։ Հենց նրա ներգրավվածությամբ էլ պատրաստվել է 2021 թվականի ապրիլի 19-ի պայմանագիրը։