Դեռևս բաց կլինի միայն Բագրատաշեն-Սադախլո անցակետը

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հայտնում է՝ որ քաղաքացիների տեղաշարժի համար հայ-վրացական սահմանային անցակետերից դեռևս բաց կլինի միայն Բագրատաշեն-Սադախլո անցակետը։

«Անցակետը բաց է ամեն օր, ժամը՝ 10։00-20։00 ընկած ժամանակահատվածում։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Վրաստանի ողջ տարածքում գործում է պարետային ժամ՝ 23։00-04։00 ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև բաց և փակ տարածություններում դիմակի կրման պարտադիր պահանջ։
Պարետային ժամը խախտելու դեպքում տուգանքը կազմում է 2000 լարի, իսկ դիմակի չկրման կարգը խախտելու դեպքում՝ 20 լարի (կրկնվելու դեպքում՝ 40 լարի)»,- նշված է դեսպանության տարածած հայտարարության մեջ:

Վրաստանն այսօրվանից բացում է ցամաքային սահմանները՝ երկրում տուրիզմը խթանելու նպատակով: Վրաստանի քաղաքացիների համար առանց հատուկ թույլտվության երկրի սահմանը հատելն արգելվում է:

Սահմանը հատել հնարավոր կլինի լիարժեք պատվաստման (երկու չափաբաժին) փաստաթուղթ ներկայացնելու և PCR բացասական թեստի պատասխանով, կամ միայն վերջին 72 ժամվա ընթացքում անցկացրած PCR թեստի բացասական պատասխանով: Այս դեպքում, անձինք ստիպված կլինեն կրկնակի թեստ հանձնել՝ հետագա 72 ժամվա ընթացքում:

Վրաստան մուտքի ժամանակ բոլոր զբոսաշրջիկները պետք է PCR թեստի բացասական  պատասխանով փաստաթուղթ ունենան: Կարգը գործելու է ինչպես ցամաքային սահմաններին, այնպես էլ օդանավակայաններում:

Ինչ վերաբերում է չպատվաստված օտարերկրացիներին, նրանք նույնպես կարող են Վրաստան գալ` ցամաքային ու օդային ուղիներով, ունենալով թեստի բացասական պատասխանի մասին փաստաթուղթ, երկրում գտնվելու 3-րդ օրը պարտավոր են կրկնակի թեստ հանձնել` վրաստանյան կլինիկաներից մեկում: