Դիմորդը պահանջում է հավելյալ քննություն կազմակերպել

Առողջական խնդրի պատճառով միասնական ազգային քննությանը չմասնակցած դիմորդը դատարան էր դիմել Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի (NAEC) դեմ, այժմ էլ դիմել է Վրաստանի ներքին գործերի նախարարություն։

Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի կողմից լրացուցիչ քննություն անցկացնելու պահանջի մերժումից հետո դիմորդի ծնողը հացադուլ է անում։

Խնդիրն այն է, որ դիմորդն առողջական վիճակի պատճառով չի կարողացել մասնակցել պատմություն առարկայի միասնական ազգային քննությանը և պահանջել է հավելյալ քննություն, որը կենտրոնը մերժել է։ Այնուհետև «Գործընկերություն հանուն մարդու իրավունքների» (PHR) հասարակական կազմակերպությունը հայց է ներկայացրել դատարան։

NAEC-ին դատարանը պարտավորեցրել է լրացուցիչ քննություն կազմակերպել հիշյալ դիմորդի համար, սակայն կենտրոնը մերժել է դիմորդի գրավոր դիմումը։ Ըստ PHR-ի՝ օգոստոսի 2-ին NAEC-ը հրաժարվել է կատարել դատարանի որոշումը՝ պատճառաբանելով, որ հուլիսի 25-ին արդեն իսկ պատմության լրացուցիչ քննություն կազմակերպվել է։

Գնահատման և քննությունների ազգային կենտրոնն ընդգծել է, որ քննական գործընթացն ավարտվել է, անցկացվել են նաև բոլոր լրացուցիչ քննությունները։ Հայտարարության համաձայն՝ դատարանի ժամանակավոր որոշումը կենտրոն է ներկայացվել լրացուցիչ նիստերի ավարտից հետո։

Քաղաքացիական հասարակության և սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում վերոնշյալ դեպքը մեծ աղմուկ է բարձրացրել։ «Ուսանողները եվրոպական ապագայի համար» հասարակական կազմակերպության ակտիվիստներից մեկը՝ Ժորժ Սամերաշվիլին, գրել է․

«Դիմորդը հիվանդության պատճառով չի կարողացել մասնակցել հանրապետական ​​քննությանը, որից հետո դատարանը NAEC-ին հանձնարարել է լրացուցիչ քննություն նշանակել այդ երեխայի համար։
Քննական կենտրոնը հրաժարվում է կատարել դատարանի որոշումը, ինչից հետո դիմողի մայրը հացադուլ է սկսել, naec.ge, ամոթ է»։

Թբիլիսիի պետական համալսարանի և Կովկասի համալսարանի դասախոս, մանկավարժության պրոֆեսոր Էկա Քութաթելաձեն «Ալիք Մեդիա»-ին իր անհանգստությունը հայտնեց այս հարցի կապակցությամբ` նշելով, որ բուհ ընդունվելու այս համակարգը մտածելու լուրջ տեղիք է տալիս․

«Դիմորդին անսպասելի ատամի վիրահատություն է անհրաժեշտ եղել եւ չի կարողացել ներկայանալ քննություններից մեկին։ Եթե ​​նայենք պատմության բուն խնդրին և չխորանանք իրավական նրբերանգների մեջ, այս հայտարարության հեղինակը կկարողանա՞ր կատարել իր պաշտոնական պարտականությունները, եթե նախորդ օրն ատամնաբուժական վիրահատության կարիք ունենար»։

Քութաթելաձեն նաև հիշեցնում է համաճարակի առաջին տարում միասնական ազգային քննությունների ժամանակ կատարվածը․ «Ինչ կլիներ, եթե NAEC-ը չցանկանար հետաձգել Covid-ով վարակված դիմորդների քննությունները»։