Ձմեռային հանգիստը Վրաստանում. առաջատար հանգստավայրերն ազդարարում են սեզոնի մեկնարկը

Ձմեռային հանգիստը Վրաստանում․ «Ալիք մեդիան» ներկայացնում է ձմեռային հանգստավայրերի գները և սպասվող միջոցառումները։

Դեկտեմբերի 15-ին Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրերը պաշտոնապես կբացեն իրենց դռներն այցելուների առջև։ Գուդաուրի հանգստավայրը նույն օրը կդառնա 30 տարեկան:

Սվանեթիի և Բակուրիանիի հանգստավայրերը սեզոնի մեկնարկը կազդարարեն դեկտեմբերի 22-ին: Ձմեռային հանգստավայրերում կաշխատի 41 ճոպանուղի, նրանցից 18-ը Գուդաուրիում է, 6-ը նոր է: Գուդաուրին այցելուներին կհյուրընկալի 20 դահուկային ճանապարհով, որոնց երկարությունը հասնում է 70 կմ-ի: Բակուրիանիում 8 ճոպանուղի կգործի:

Ձմեռային հանգստավայրերում բացման հանդիսավոր արարողությամբ կառանձնանա հատկապես Գուդաուրին: Այստեղ ծրագրված միջոցառումների կազմակերպման համար ծախսվել է 314 937 լարի:

«Վրաստանի շրջաններում ձմեռային հանգստավայրերի տուրիստական ներուժը ներկայացնելու ու զարգացնելու տեսանկյունից սա առաջնային միջոցառումներից է: Միջոցառման կազմակերպումը պետության և հանրային շահերից է բխում»,- ասում են Վրաստանի տուրիզմի զարգացման կենտրոնից:

Գուդաուրիի միջոցառմանը ելույթ են ունենալու Gio Shengelia, Jino, Sander, Nika J և այլ երաժշտական խմբեր, տարածքում հնարավոր է լինելու հատուկ ֆոտոգոտիներում լուսանկարվել ու տեղում ստանալ լուսանկարը, ինչպես նաև սնվել բացված սննդի կետերում:

Ինչ վերաբերում է գներին, հարկ է նշել, որ այս տարի ճոպանուղիների գինը բարձրացել է: Լեռնային հանգստավայրերի զարգացման գործակալության տեղեկատվությամբ, 2018թ դեկտեմբերի 1-ից մինչև 2019-ի մարտի 10-ը Գուդաուրիում մեկօրյա անդամագրության արժեքը 50 լարի է, նախորդ տարի 40 լարի էր: Ճոպանուղուց օգտվելու երկու օրվա համար  նախատեսված վճարը 80 լարիի փոխարեն կկազմի 100 լարի, երեք օրվա համար՝ 112-ի լարիի փոխարեն 140 լարի:

Ճոպանուղու մեկանգամյա տոմսն արժե 10 լարի: