Ընդդիմադիրներն այսօր կփորձեն հետաքննիչ հանձնաժողով ձևավորել

Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր «Լելո» կուսակցության պատգամավոր Սալոմե Սամադաշվիլին ասել է, որ ընդդիմադիր բոլոր ուժերը հաստատել են այսօրվա լիագումար նիստին իրենց մասնակցությունը:

Սամադաշվիլին հույս է հայտնել, որ առաջին անգամ այս գումարման խորհրդարանում կստեղծվի հետաքննիչ հանձնաժողով: Նրա խոսքով, վրացի դատավորների նկատմամբ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցներից հետո, երկիրը կանգնել է ավելի մեծ մարտահրավերի առաջ, քանի որ դատաիրավական բարեփոխումներն ուղղակիորեն կապված են երկրի թեկնածուի կարգավիճակի հետ։

«Վերջին օրերին մենք խորհրդակցություններ ենք անցկացրել խորհրդարանում ընդդիմադիր կուսակցությունները ներկայացնելու մանդատ ունեցող յուրաքանչյուր պատգամավորի հետ՝ տեղեկացնելով, որ այսօր հավանաբար քվեարկության կդրվի դատական ​​համակարգի մարտահրավերները քննող հանձնաժողով ստեղծելու հարցը»,- ասել է Սամադաշվիլին։

Ինչպես հայտնի է, ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից 4 վրացի դատավորների գործունեության կասեցումից հետո խորհրդարանական ընդդիմությունը պահանջում է օրենսդիրում  ժամանակավոր քննիչ հանձնաժողով ձևավորել։