Ընդդիմությունը պահանջում է արտահերթ ընտրություններ

Վրաստանի ամենաազդեցիկ համարվող ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» (ՄԱՇ) պահանջում է արտահերթ ընտրություններ, ճեպազրույցում հայտարարել է կուսակցության նախագահ Նիկա Մելիան։

Մելիան նշել է՝ պետք է արտահերթ ընտրություններ նշանակել երկրում տիրող վատթարագույն ճգնաժամը մեղմելու համար։

Ըստ նրա, ՄԱՇ-ի բոլոր քայլերն ու գործողություններն ուղղված են լինելու այս նպատակին հասնելուն։ Մելիան ներկայացրել է կուսակցության ռազմավարական ծրագիրը.

  • քաղաքական ակտիվ գործունեություն, պայքարի նոր մեթոդներ, բողոքի տարբեր ակցիաներ՝ արտահերթ ընտրությունների հասնելու համար,
  • շարունակական շփում մեր քաղաքացիների հետ, կներկայացնենք մեր տեսլականը, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն ԵՄ թեկնածություն ստանալու համար:
  • ինտենսիվ շփում օտարերկրյա գործընկերների հետ. մեր ընկերները վերջապես նկատել են, որ ռուսական երազանքի (ի նկատի ունի իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը) պայմաններում Վրաստանը շեղվել է արևմտյան ուղուց։

Մելիայի կարծիքով՝ քաղաքական ճգնաժամը պետք է օգտագործել որպես հնարավորություն արտահերթ ընտրություններ նշանակելու և դրանով իսկ «նոր իրականություն ստեղծելու համար»։

«Արտահերթ ընտրություններով յուրաքանչյուրն իր ճաշակով կընտրի իր նախընտրած կուսակցությունը, մեզ բոլորիս միասին և անհատապես հնարավորություն կտրվի ընտրելու Եվրոպան»,- ասել է Մելիան:

Իշխանություններն ընդդիմության պահանջը անհեթեթություն են համարում