Իշխանություններն ընդդիմության պահանջը անհեթեթություն են համարում

Իշխանության ներկայացուցիչները ընդդիմության՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջն «անհեթեթություն» են որակել։

Երկրի ամենաազդեցիկ համարվող ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան այսօր հայտարարել է, որ արտահերթ ընտրությունների հասնելու համար պայքարի նոր ռազմավարություն են մշակել։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ ՄԱՇ-ի պահանջը հանրության կողմից աջակցություն չունի։ Նրա խոսքով, ընդդիմությունն անգամ չի կարող դասեր քաղել սեփական սխալներից:

«Արմատական ընդդիմության գործողություններն այնքան կանխատեսելի են դարձել, որ դժվար է դա մեկնաբանել։ Ապաբևեռացման քայլ անելու փոխարեն, ընդհակառակը, ընդդիմությունը քայլ արեց դեպի բևեռացում և արմատականության էլ ավելի խորացում»,- ասել է Պապուաշվիլին։

Խորհրդարանի խոսնակը նշել է, որ հիմնական խնդիրը ոչ թե բևեռացումն է, այլ ընդդիմության արմատականացումը, նրանց հետևած արմատական ​​օրակարգը։ Սա, ըստ նրա, ենթադրում է մեկ նպատակ՝ իշխանության չճանաչում․ «Ընտրությունները տեղի կունենան 2024 թվականին»:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն «անհեթեթություն» է որակել արտահերթ ընտրությունների վերաբերյալ ՄԱՇ-ի նախագահ Նիկա Մելիայի հայտարարությունը:

«Երկիրը վերակառուցման, զարգացման և տնտեսական առաջընթաց է ապրում։ Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, դա շատ մեծ աբսուրդ է, հիմարություն։  Ընտրությունները լինելու են 2024 թվականին, ինչպես նախատեսված է սահմանադրությամբ»,- ասել է Կալաձեն։

Ըստ Կալաձեի՝ ՄԱՇ-ը և ընդդիմությունն այսօր քաղաքական ճգնաժամի մեջ են:

Ընդդիմությունը պահանջում է արտահերթ ընտրություններ